Սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության մեջ կասկածվող անձը խոստովանական ցուցմունք է տվել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ իրահապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում բացահայտվել է ոստիկանի (Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանի) սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը: Իրավապահներն առգրավվել են նաև հանցագործության գործիք AK-74 տեսակի ինքնաձիգը՝ լիցաքավորված 10 փամփուշտով:
Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ նա կրակոցներ էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 ոստիկան զոհվել էր, մեկը՝ վիրավորվել։ Ավելի ուշ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ որոնում են ոստիկանի սպանության մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանին, որը, ըստ տեղեկությունների, զինված է։
Կրակոցների հետևանքով զոհվել էր Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանն ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։ Սեպտեմբերի 8-ին ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել։ Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, իրավապահները ձերբակալել էին ոստիկանի սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդուն։