ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության, տեղեկանում ենք դատարանի կայքից։
Վճռաբեկ դատարանը բեկանել է Քոչարյանի և մյուսների գործը կարճելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ․ ապրիլի 16-ի և այն անփոփոխ թողնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ․ նոյեմբերի 26-ի որոշումը։
Մարտի 1-ի գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարանի դիմումը։ Վճռաբեկը Մարտի 1-ի վարույթով անցնող Քոչարյանի և մյուսների գործով դիմել էր բարձր դատարան՝ միջնորդելով որոշել Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: Դատարանը որոշել էր, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում:
2021 թվականի ապրիլին Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Քրեական օրենսգրքի (2003թ․) 300.1-րդ հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով այս հոդվածն ուժը կորցրած և Սահմանադրությանը հակասող էր ճանաչվել։