Իշխանության յուրացման նախապատրաստման գործով երեք ձերբակալվածից մեկը «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանն է, հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներին։
Սերոբ Գասպարյանը «Սև հովազ» ջոկատը գլխավորել է եղբոր՝ Ռուստամի մահից հետո, ով որդու հետ զոհվել էր 44-օրյա պատերազմում։
Սեպտեմբերի 18-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք է բացահայտել։ Հաղորդվել էր, որ քննչական գործողությունների արդյունքում 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ ՔԿ-ում նախաձեռնել են քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով)։
2023 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր «Հյուսիսային տերևաթափ» գործողության շրջանակներում Հայաստանում ահաբեկչություն նախապատրաստելու և պետական կառույցները գրավելու մեջ կասկածվող հինգ անձի ձերբակալության մասին։