Դատարանը հուլիսի 27-ին վարույթ է ընդունել «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայցադիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, տեղեկանում ենք Datalex-ից։
Ըստ դատական ակտերի որոնողական համակարգի՝ վարույթը մակագրվել է դատավոր Մալվինա Հարությունյանին։
Ըստ հայցադիմումի՝ Գալստանյանը խնդրել է պարտավորեցնել Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել իր մասին «ներկայացված և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալ»։
Նա Փաշինյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել իր մասին հունիսի 13-ին ԱԺ-ում արված հայտարարությունը, թե իբրև ինքը հուլիսի 12-ին ԱԺ-ի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկաններին քարերով հարվածելու կազմակերպիչն է հանդիսացել։
Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր, և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով վիրավորներ կային։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։
Փաշինյանը շարժման բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժայինների «հակազդեցությունն իրավաչափ և պրոֆեսիոնալ» էր որակել։