Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել 2021 թվականին բողոքի ակցիայի տասը մասնակիցներին անմեղ ճանաչելու և արդարացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը։ Այսպիսով՝ քրեական գործը կարճվել է, մեղադրյալներն արդարացվել են, հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
Քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը և Նարեկ Մանթաշյանը շուրջ 3 տարի անցնում էին այդ քրեական գործով։
«Վերջիններս 2021թ․ ապրիլի 22-ին հազարավոր այլ քաղաքացիների հետ միասին բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Սյունիքում իրավական ամենաթողության ու անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակի դեմ, աջակցություն հայտնել բերման ենթարկված տասնյակ սյունեցիների»,- ասվում է հայտարարության մեջ։
Այդ քրեական գործով անցնող անձանցից չորսը ՀՅԴ հայաստանյան կառույցի անդամներ են, որոնց թվում է նաև լրատվամիջոցի ղեկավար։ Հետապնդվողների թվում էր նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախկին ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը, ով մահացել էր այս գործի դատաքննության փուլում։
Նրանց մեղադրանք էր առաջադրվել խուլիգանություն կատարելու՝ ցույցի ժամանակ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք խախտել էին հասարակական կարգը, որն արտահայտվել էր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Վերաքննիչ քրեական դատարանը նրանց անմեղ էր ճանաչել ու արդարացրել, սակայն դատախազությունը հաջորդիվ բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան։