Հայաստանի խորհրդարանում 25 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով 2019-2024 թվականներին հարցաքննվել են 24 վկա, 4 դատապարտյալ, այդ թվում՝ ահաբեկչական խմբի ղեկավար, ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ գործի քննությունը վերսկսելուց՝ 2019-ից ի վեր, կատարվել է նաև 1 առերեսում:
«Վերսկսված քննության ընթացքում Հունանյանը հարցաքննվել է և դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել ցուցմունքներ: Հարցաքննվել են նաև ահաբեկչական խմբի անդամներ, դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը (մահացել է 2024-ի օգոստոսին-խմբ․): Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վռամ Գալստյանի և Համլետ Ստեփանյանի անձնական գործերը՝ նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար»,- հավելել են գլխավոր դատախազությունից։
Քննության ընթացքում դատախազության արխիվից առգրավվել են գործին կցված փաթեթը, գործի դատաքննական հատորները և գործին կցված ձայնագրությունները։ ՀՀ ոստիկանությունից և այլ ստորաբաժանումներից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր:
«Նախաքննության ընթացքում առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, ստացվել են դրանց եզրակացությունները։ Զննվել են քրեական վարույթի նյութերին կցված տարբեր փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, այդ թվում՝ տեսագրություններ: Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ՝ քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դատախազությունից հիշեցրել են, որ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսել էին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական գործից 2004 թվականի հուլիսի 11-ին անջատված և 2004 թվականի նոյեմբերի 11-ին կարճված քրեական գործի քննությունը։ Վերսկսման հիմք էր հանդիսացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի (ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի այրին-խմբ․) և նրա ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված բողոքը, որով վերջիններս խնդրել էին վերացնել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թվականի նոյեմբերի 11-ին որոշումը:
2024-ի օգոստոսի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել էր Կնյազյանը։ Armenia Today-ին Արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ նրա ինքնազգացողությունը վատթարացել էր, որից հետո շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել էր նրա կենսաբանական մահը։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչության հետևանքով զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։
Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 մարդու, որոնց թվում հիմնականում պատգամավորներ էին։ Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել էր 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Վեց դատապարտյալ, այդ թվում` նրանց ղեկավար Հունանյանը, վերջինիս եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Բեջանյանը, Գրիգորյանը և Կնյազյանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Գործով մեղադրյալ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: