Հակակոռուպցիոն կոմիտեն Շիրակի մարզպետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրել մարզային դպրոցներից մեկում երկու աշխատակցի աշխատանքին նպաստելու դիմաց 5000 դոլար կաշառք ստանալու համար։
Ըստ կոմիտեի՝ Շիրակի մարզպետարանում ղեկավարի պաշտոն զբաղեցնող Հ. Կ.-ն կաշառքի դիմաց նպաստել է մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի պաշտոնների առաջադրմանն ու նշանակմանը։
Ըստ գերատեսչության՝ Հ. Կ.-ն, տեղեկանալով Ն. Խ.-ի՝ վերը նշված դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին առաջադրվելու ցանկության մասին, նրանից պահանջել և ստացել է 4000 դոլար կաշառք, որի դիմաց, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նպաստել է Ն. Խ.-ի՝ հիշյալ պաշտոնին նշանակվելուն:
Բացի այդ, Հ. Կ.-ն, նույն դպրոցի ուսուցչուհի Ա. Մ.-ին տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին առաջադրվելուն և նշված պաշտոնին նշանակվելուն նպաստելու համար Ն. Խ.-ի միջոցով Ա. Մ.-ից պահանջել է 1500 դոլար կաշառք, որից ստացել է 1000-ը, իսկ մնացած 500 դոլարը վերջինս խոստացել է փոխանցել իր նշանակումից հետո:
Հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել։ Հ. Կ.-ի նկատմամբ որպես խափանաման միջոց է կիրառվել կալանքը: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։