Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հաստատում եմ, որ ՆԳ նախարարն աշխատանքից ազատման դիմում է գրել»,- ասել է Սարգսյանը։
Ղազարյանը ՆԳ նախարար էր նշանակվել 2023-ի հունվարին, որից առաջ՝ 2020-2023 թվականներին, զբաղեցրել էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։
«Հրապարակ»-ը նոյեմբերի 17-ին հայտնել էր, որ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՆԳ նախարարին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։ 24News-ը գրել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականի մասին։
Նոյեմբերի 18-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրն՝ ավելի ուշ, Հակակոռուպցոն կոմիտեի լրատվական բաժնից Armenia Today-ին հաստատել էին, որ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Նոյեմբերի 18-ին Փաշինյանը հաստատել էր, որ պաշտոնյաներն իր խնդրանքով են հրաժարական ներկայացրել։ Նա նշել էր, որ խնդրանքը ոչ թե անձնավորված է, այլ կապված է համակարգային խնդիրներով։
Նոյեմբերի 14-ին Փաշինյանը կառավարության նիստում դժգոհել էր իրավապահ համակարգի աշխատանքից։