Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ մի շարք ռուս պաշտոնյաների ձերբակալման օրդեր տալու ֆոնին Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Երևանի միացումն ուղղակի վնաս է հասցրել հայ-ռուսական հարաբերություններին։ Նա այսպես է մեկնաբանել ՄՔԴ-ի հետ համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը՝ միջազգային իրավական նորմերի ամրապնդման նպատակով։
Զախարովան ընգծել է, որ Մոսկվայի վերաբերմունքն այդ մարմնի նկատմամբ «վաղուց հայտնի է, այդ թվում՝ հայ գործընկերներին»։
«Ստիպված եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ Երևանի միացումը ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը մի շարք ռուս պաշտոնյաների ձերբակալելու օրդերների ֆոնին ուղղակի վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին։ Ընդ որում՝ ոչ միայն խորհրդանշական, այլև միանգամայն գործնական վնաս։ Եթե Հայաստանի համագործակցությունն իսկապես կարող էր նպաստել միջազգային իրավական ինչ-որ նորմերի ամրապնդմանը, ապա, հավանաբար, դա դեռ կարելի էր հասկանալ, բայց այդ կեղծ դատարանի երկու տասնամյակների աշխատանքի պրակտիկան հակառակն է վկայում։ ՄՔԴ-ն չի օգնել կարգավորել ոչ մի հակամարտություն, որով զբաղվել է»,- նշել է դիվանագետը։
2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտնել էր, որ Հայաստանը կմիանա կառույցին 2024 թվականի փետրվարի 1-ին։ Նույն օրը Կրեմլը հույս էր հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը ՄՔԴ-ին չի ազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա։
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը, որը Հայաստանն ստորագրել էր դեռևս 1998 թվականին։ Երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 14-ին ստորագրել էր կանոնադրությունը վավերացնող օրենքը։
Ավելի վաղ դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում էր կայացրել։ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ բարեկամական քայլ» էր անվանել Ռուսաստանի նախագահի նկատմամբ։ Հոկտեմբերի 3-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան Երևանի այս քայլը համարում է ոչ ճիշտ որոշում երկկողմ հարաբերությունների համար։