ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք, հայտնել են ՔԿ-ից։
ՔԿ-ից նշել են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանձնարարել էր բացառել քրվարույթների շրջանակում քաղաքացիների սեփականության իրավունքների անհարկի կամ առանց անհրաժեշտության սահմանափակման դեպքերը՝ հատկապես առգրավված իրերի, շարժական գույքի վերադարձման հետ կապված։
«ՔԿ նախագահը հանձնարարել էր նաև քննարկել վարույթի ընթացքում առգրավված իրերն ու առարկաներն օրինական տիրապետողներին հանձնելու հնարավորությունները, հատկապես, եթե դրանք անհրաժեշտ են անձանց կենսապահովման համար»,- ասված է հրապարակման մեջ։
Նոյեմբերի 28-ին կառավարությունը հաստատել էր Պողոսյանի թեկնածությունը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Նախկինում նա գլխավոր դատախազի տեղակալն էր։ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը նոյեմբերի 18-ին հաստատել էր իր հրաժարականը այն բանից հետո, երբ նոյեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ քննադատության է ենթարկել ուժայինների աշխատանքը։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ մարզային այցելությունների ժամանակ մարդիկ դժգոհում են կոռուպցիայից և հանցագործություններից։