2018թ․ ավազակային հարձակում կատարած և ոստիկանի սպանած ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, հայտնում է Դատախազության մամուլի ծառայությունը։
Դանիելյանը զբաղեցնում էր Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը: Նա 2018 թվականի մայիսի 3-ին «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից 500 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու նպատակով կատարել էր ավազակային հարձակում, որի հետևանքով սպանել էր բանկի անվտանգության աշխատակից ոստիկանության ավագ ենթասպային: Անվտանգության մեկ այլ աշխատակից ստացել էր հրազենային վիրավորում:
Ըստ հաղորդագրության՝ դատախազը միջնորդել էր Դանիելյանին մեղավոր ճանաչել առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կատարած ավազակության, երկու անձանց նկատմամբ շահադիտական դրդումներով սպանության, սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու համար և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը:
Դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 13-ի դատավճռով, Դանիելյանը մեղավոր էր ճանաչվել։