Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Հակոբ Ճարոյանը։
Նրա խոսքով՝ Հակակոռուպիցոն կոմիտեի քննիչի կողմից համապատասխան գրությունն այսօր է ստացել։ Քննիչի հիմնավորման մեջ նշվում է, որ քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։
Ճարոյանը հավելել է, որ մտադիր են բողոքարկել որոշումը, սակայն ակնկալիքներ չունի։ «Ներկա իշխանության կողմից (ոչ մի ակնկալիք) չկա, եթե ներկա պահին նրանք հիմա հարուցեն, պետք է հարուցվի քննիչի վրա, ընդհուպ մինչև վարչապետ հարցաքննեն, չեն անի չէ՞»,- ասել է փաստաբանը։
Դեկտեմբերի 19-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին ու ազգականներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը և չնչին խախտումներ հայտնաբերելու դեպքում գործեր հարուցել։ Դեկտեմբերի 18-ին՝ մեկ տարի պաշտոնավարելուց հետո Հովսեփ Աղազարյանն ազատվել էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից։
Փաշինյանը Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին Աղազարյանը հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։
Աղազարյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է իր հեռախոսը քրեական վարույթի շրջանակներում, որով անցնում է որպես վկա։ Նրա տեղեկություններով՝ դրանից հետո տվյալները հայտնվել էին Փաշինյանի ձեռքին, իսկ ավելի ուշ ՔՊ վարչության նիստում նա հրապարակել էր Աղազարյանի անձնական կյանքի մի շարք դրվագներ, նամակագրություններ։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «Աղազարյանի հեռախոսը վերցնելուց հետո բացահայտել են պետական անվտանգության սպառնալիքներ պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ»։
Դեկտեմբերի 9-ին դատախազությունն Աղազարյանի կողմից արտահոսքեր կազմակերպելու հրապարակումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։