ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հաստատել է Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի բերման ենթարկվելու մասին լուրը: ՆԳՆ խոսնակը, միևնույն ժամանակ, տեղեկացրել է, որ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Կարապետյանին բերման ենթարկելու մասին դեկտեմբերի 30-ին հայտնել էր 112 Telegram-յան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Կարապետյանը դեկտեմբերի 29-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից»,- հավելել է խոսնակը։
Նա տեղեկացրել է, որ Կարապետյանը դեկտեմբերի 5-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն կողմից հետախուզվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մաս (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով-խմբ․), 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 4 տարի ժամկետով), 38-308-րդ հոդվածի 1-ին մասի և 38-375-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (պաշտոնեական լիազորությունները , իշխանությունը չարաշահելը, իշխանազանցության կամ իշխանության անգործության հանցակցություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով): Սարգսյանը նշել է, որ Կարապետյանի նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում:
2023 թվականի հոկտեմբերի 4-ին Կարապետյանը հայտարարել էր քաղաքական գործունեություն սկսելու և քաղաքական շարժում ստեղծելու մասին։
Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել էր 2021 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր։ Նա նախկինում զբաղեցրել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի, վարչապետի խորհրդականի, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի և Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները: