ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտնել է քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ինքնավնասման 2 դեպքի մասին։
«Հունվարի 6-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն մեկանգամյա օգտագործման ածելիով կտրել է լեզուն։ Նույն օրը՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Պ.-ն կատարել է ինքնավնասում ածելիի միջոցով՝ ձախ նախաբազկի շրջանում»,– Armenia Today-ին տեղեկացրել են ՔԿԾ հանրային կապերի բաժնից։
Ծառայությունից նշել են, որ ածելիով լեզուն կտրած Ս. Մ.-ն հոգեպես անհավասարակշիռ վիճակում է ինքնավնասում կատարել։
«Նրան տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել և նա տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, իսկ ժամը 20:30-ի սահմաններում «1-ին համալսարանական» բժշկական կենտրոն: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, նա տեղափոխվել է ՔԿՀ»,- մանրամասնել են ծառայությունից։
ՔԿԾ-ից տեղեկացրել են, որ ձախ նախաբազկի շրջանում ինքնավնասում կատարած Հ. Պ -ն բանավոր հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերին չդիմանալու պատճառով:
«Հ. Պ-ին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետեւ շտապօգնություն է կանչվել: Ժամը 14:10-ի սահմաններում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, ստացել համապատասխան բուժօգնություն և ՔԿՀ»,- հստակեցրել են ՔԿԾ-ից։