Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները հայտնաբերել են ավելի քան 20 խախտում, տեղեկացրել է ՄԻՊ-ը։
2024 թվականի հոկտեմբերին նրանք երկօրյա չհայտարարված մշտադիտարկում են անցկացրել, որի ընթացքում հայտնաբերել են, որ որոշ խցերում պահպանված չէ ազատությունից զրկված անձանց հատկացվող նվազագույն բնակելի տարածության չափը, օրինակ՝ 25 քմ մակերես ունեցող խցում (ներառյալ՝ սանհանգույցը) պահվել է ազատությունից զրկված 8 անձ։
ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ մասնաշենքերում բացակայել են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը, ինչը կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ու անվտանգության ապահովման տեսանկյունից։
Մեկ կարևոր խախտում են արձանագրել շտապօգնության կանչ գրանցելու պայմանների հետ կապված։ Պարզվել է, որ ծառայությունը բնակելի գոտի մուտք չի գործում, ինչի հետևանքով ազատությունից զրկված անձի առողջական վիճակի վատթարացման դեպքում այլ անձինք պատգարակով իջեցնում են հատուկ առանձնացված սենյակ։
Գրասենյակի ներկայացուցիչները պարզել են նաև, որ Նուբարաշենի աշխատակիցներն օգնում են թաքցնել հիմնարկի ներսում կատարվող հանցագործությունները։ Ըստ հրապարակման՝ նրանք բանտարկյալներին համոզում են բողոքներ չգրել համապատասխան վերահսկող մարմիններին, իսկ ներքին կանոնների խախտման դեպքում բանտապահները կիրառում են օրենքով չնախատեսված պատիժներ։
Բանտում հայտնաբերվել են զբոսաբակերում մարմնամարզության պարագաներն ու սարքավորումները, արձանագրվել է, որ քրեակատարողական հիմնարկում առկա միակ մարզադահլիճը նախատեսված է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար, իսկ մյուս ազատությունից զրկված անձինք զրկված են դրանից օգտվելու հնարավորությունից։
Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնդիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուրաբաշեն ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։
Հունվարի 7-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտնել էր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ինքնավնասման 2 դեպքի մասին։