Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծուհու` Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

Կյանքի բոլոր տարիներն էլ հավասար սիրելի են, քանի որ կյանքն ինքն է սիրելի․ Սիլվա Կապուտիկյան

img

Այսօր հայ թերևս լավագույն բանաստեղծուհու՝ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1919 թվականի հունվարի 20-ին։

Կապուտիկյանը երբեք չի տեսել հորը` Բարունակ Կապուտիկյանին, իսկ մորը` Լիային, աստվածացրել է։ «Դաշնակցություն» կուսակցության անդամ Բարունակը մահացել է աղջկա ծնվելուց երեք ամիս առաջ, խոլերայից։ Լիա Կապուտիկյանը հետագայում այդպես էլ չի ամուսնացել։

Կապուտիկյանի ստեղծագործական ժառանգությունը հայ գրականության կարևոր օղակներից մեկն է։ Նրա ստեղծագործության մի առանձնահատուկ մասն է կազմում Հայաստանը։

Երկիր Հայաստան,

Դու դժվար իմ սեր, իմ սուրբ

Կապ ու գիր:

Այս տողերը խտացում են նրա ու հայրենիքի կապը, նա մերթ վիճում էր այդ հայրենիքի հետ, մերթ հաշտվում իր դժվար սիրո հետ, բայց այդ հայրենիքը մնում էր իրենը։

Կապուտիկյանի քնարերգության մեջ մի յուրահատուկ տեղ ունեն սիրային ստեղծագործությունները․ նա երբեմն խոսելով զուտ անձնական ապրումների, հույզերի մասին, հասնում է ընդհանրացումների, որոնք հարազատ են բոլորին։Կանացի հոգու խորքերը, սիրելու, տանջվելու երանգները կնոջից լավ ոչ ոք չի կարող ներկայացնել: Ուստի Սիլվա Կապուտիկյանի պոեզիան այդ տեսանկյունից շատ յուրահատուկ է և կարող ենք փաստել, որ հայ գրականության մեջ նմանը չունեցող։

Ինչպիսի՞ն է հայ կինը, ի՞նչ է ուզում կյանքից, ինչպե՞ս է կարողանում սիրել, սպասել և նվիրվել, ինչո՞վ է տարբերվում նա աշխարհի մյուս կանանցից… Այս հարցերի պատասխանները գուցե գտնեք Սիլվա Կապուտիկյանի պոեզիայում:

Ահա, նրա սիրային քնարերգության լավագույն նմուշներից մեկը՝ «Երգ երգոցը»։

Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում,

Միայն չտվեց երջանիկ մի սեր.

Չտվեց, որ ես հոգով անդադրում

Դեռ տենչամ, փնտրեմ, չգտնեմ ես դեռ․․․

Կապուտիկյանը խորապես մտահոգ էր նաև Սփյուռքի ճակատագրով։ 1962-63թթ-ին և 1973թ-ին այցելել է սփյուռքահայ գաղթավայրեր, գրել «Քարավանները դեռ քայլում են» (1964թ.), «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» (1976թ.), «Քարավանները հեռանում են» (1999թ.) երկերը։

Կապուտիկյանը հրատարակել է նաև մանկական բանաստեղծություններ, որոնք ամփոփել է «Փոքրի՜կ Արա, ակա՜նջ արա» (1950 թ.), «Մեր Լալիկը, սիրունիկը» (1952 թ.), «Տանը, բակում, փողոցում» (1953 թ.), «Մի տարով էլ մեծացանք» (1958 թ.), «Ծաղկանոց» (1984 թ.), «Երկու քույրիկ, երկու ուլիկ» (1988 թ.) և այլ ժողովածուներում:

Թեգեր: Սիլվա Կապուտիկյան, Հոբելյան