Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Նիստը հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով

img

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 21-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որը հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայության պատճառով:

Պաշտպանները չէին ներկայացել դատական նիստին՝ Աննա Դանիբեկյանին նախապես տեղեկացնելով այդ մասին: 

Պաշտպանները նշել էին, որ հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդի կողմից պաշտպանների հասցեին հնչեցվել են սպառնալիքներ, իսկ դատարանը պատշաճ չի արձագանքել նման միջադեպին և այդ պատճառով գտնում են, որ նշված իրավիճակում զրկված են իրենց պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից, ուստի չեն ներկայանալու հունվարի 21-ի դատական նիստին:

Դատարանը, մինչ դատական նիստը հետաձգելը, անդրադարձավ ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի վարքագծին, ով չէր ներկայացել նախորդ դատական նիստին նույն պատճառաբանությամբ: 

«Պաշտպանի դժգոհությունը դատարանի կամ դատավարության մասնակիցների գործողություններից չի կարող արդարացնել վերջինիս կողմից այդ պարտականությունը չկատարելը: Հետևաբար, դատարանը գտնում է, որ պարոն Պողոսյանը չի կատարել իր պարտականությունը առանց որևէ իրավաչափ հիմքի, խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքը: Այդ պատճառաբանությամբ դատարանը, արձանագրելով, որ  Պողոսյանը չարամտորեն չի կատարել իր դատավարական պարտականությունը, որոշեց նրա նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության տեսքով»,- ասաց Աննա Դանիբեկյանը:

Հաջորդ նիստում անդրադարձ կկատարվի այսօր բացակայող պաշտպանների վարքագծին:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին։

Թեգեր: Ռոբերտ Քոչարյան, Դատական Նիստ