Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Լիբիական ճգնաժամի կարգավորման հարցում տեսանելի ապագայում շատ բան կախված է լինելու ցամաքում տիրող իրավիճակից․ Սարգիս Գրիգորյան

Լիբիական հակամարտության և այդ թեմայով Բեռլինի խորհրդաժողովի մասին Armenia Today-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ

img

Հունվարի 19-ին Բեռլինում տեղի ունեցավ Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովը, որի ընթացքում, որոշ աղբյուրների փոխանցմամբ, համաձայնություն է ձեռք բերել Լիբիայում կրակի դադարեցման, զենքի մատակարարման վրա էմբարգո սահմանելու և հակամարտության՝ բացառապես քաղաքական ճանապարհով կարգավորման վերաբերյալ:

Համաժողովին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Չինաստանի ներկայացուցիչներ: Բեռլին էին ժամանել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջը և Լիբիայի ազգային բանակի հրամանատար դաշտային մարշալ Խալիֆա Հաֆթարը:

Լիբիական ճգնաժամի կարգավորման, բեռլինյան խորհրդաժողովի, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում առանցքային դերակատաների վերադասավորման և տարածաշրջանում նոր ուժերի ակտիվացման թեմայով Armenia Today-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։

Սարգիս Գրիգորյանը, խոսելով Լիբիայում այժմ առկա իրավիճակի մասին, նշեց, որ Լիբիայում բախումները շարունակվում են, այս պահի դրությամբ կրակի դադարեցման նշաններ չկան, սակայն հակամարտության կողմերի՝ Լիբիայի ազգային բանակի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ որոշակի ուժեր աշխատում են։ 

«Ռուսաստանն օրեր առաջ փորձեց հակամարտության կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, սակայն ընդհանուր համաձայնության հասնել հնարավոր չեղավ, իսկ բեռլինյան համաժողովը միտված էր Լիբիայում հակամարտության դադարեցմանը։ Ակնհայտ է, որ փորձեր են արվում Լիբիայում կրակի դադարեցման և որոշակի կայունության հասնելու ուղղությամբ։ Ժամանակը ցույց կտա, թե ինչով կավարտվեն այդ փորձերը»,- նշեց Գրիգորյանը։ 

Հարցին՝ Լիբիայում կրակի շարունակման պարագայում որքանո՞վ են իրագործելի բեռլինյան պայմանավորվածությունները՝ արաբագետը նշեց․

«Հնարավոր է Բեռլինում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն շատ բան կախված է լինելու ցամաքում տիրող իրավիճակից։ Լիբիայում ուժային կենտրոններն ունեն հստակ շահեր և այդ շահերը համադրելի չեն, ընդհակառակը՝ բախվում են իրար։ Հակամարտող կողմերից մեկը՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, վայելում է Թուրքիայի և եվրոպական որոշ երկրների աջակցությունը, իսկ մյուս կողմը՝ Լիբիայի ազգային բանակը, վայելում է Ռուսաստանի և արաբական որոշ երկրների աջակցությունը և այստեղ կան հստակ հակասություններ»։

Հարցին՝ լիբիական հակամարտության կոնտեքստում ի՞նչ ուժեր կակտիվանան, արաբագետը նշեց, որ բացի հակամարտող հիմնական ուժերից, Լիբիայի հարավում չափացանց ակտիվ է Ալ-Քաիդան, Իսլամական պետությունը և հարավային շրջանները չեն վերահսկվում հիմնական դերակատարների կողմից։

Խոսելով Լիբիայում արտաքին դերակատարների՝ մասնավորապես Թուրքիայի քաղաքականության մասին՝ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Թուրքիան Սիրիայից իր տարածքով զորք է ուղարկում Լիբիա, իսկ նման ուժերի տեղակայումը Լիբիայում կարող է վերաճել ներմուսուլմանական, ներարաբական խնդրի, որը ցանկալի չէ։

Անդրադառնալով լիբիական հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարությանը և դիրքավորմանը՝ արաբագետը նշեց, որ Ռուսաստանը երկար ժամանակ է ակտիվորեն գործում է Լիբիայում և Հյուսիսային Աֆրիկայում և Լիբիայում Ռուսաստանի հետաքրքրությունը կապված է էներգակիրների հետ։

«Դժվար է ասել, թե Թուրքիան և Ռուսաստանն ինչ ծրագրեր ունեն Լիբիայի մասով։ Կան հստակ շահեր, որոնցով շարժվում են տարածաշրջանային և արտատարածաշրջանային որոշ երկրներ։ Որոշակիորեն զարմացնում է Եգիպտոսի պասիվությունը, որը Հյուսիսային Աֆրիկայում առանցքային արաբական երկիր է և կարծես մարգինալ դիրքերում է հայտնվել, ամեն դեպքում՝ Եգիպտոսն իր խոսքը պետք է ասի»,- ասաց Սարգիս Գրիգորյանը։ 

Հարցին՝ արդյոք լիբիական ճգնաժամը Մերձավոր Արևելքում ուժերի վերադասավորման չի հանգեցնի՝ Գրիգորյանը պատասխանեց․

«Մերձավոր Արևելքում վերադասավորումներ միշտ տեղի են ունենում՝  կապված ժամանակաշրջանի, հակամարտությունների փուլերի և ցամաքում տիրող իրավիճակի հետ։ Մերձավոր Արևելքում թեժ կետերը գնալով շատանում են և Միացյալ Նահանգների հակաիրանական քաղաքականությամբ պայմանավորված՝ հնարավոր են ուժերի վերադասավորումներ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հյուսիսային Աֆրիկայում»։

Թեգեր: Սարգիս Գրիգորյան, Լիբիական Ճգնաժամ, Մերձավոր Արևելք, Բեռլինյան Խորհրդաժողով