Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Պետությունն այնքան հզոր է այս պահին, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ․ Բադասյան

Ռուստամ Բադասյանը նշել է, որ ժամանակն է, որ պետությունը ցույց տա իր ուժը, ոստիկանությունը ցույց տա իր ուժը

img

«Պետությունն այնքան հզոր է այս պահին, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ»։ Այս մասին այսօր՝ ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկման ժամանակ։

Ըստ նախարարի՝ մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն  և իրավական հիմք, և թող մեկը փորձի իր բախտը։

Նման հայտարարության առիթ էր դարձել «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի մտահոգությունը՝ կապված «օրենքով գողերի» մասին լրացումների ուժի մեջ մտնելու հետ։

«Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավորը հիշեցրել է, որ օրինագիծը շրջանառության մեջ մտցնելը ՔԿՀ-ներում խռովություն է առաջացրել: Նրա խոսքով, մեծ է հավանականությունը, որ փոփոխությունների ընդունումը խնդիրներ կառաջացնի ոչ միայն ՔԿՀ-ներում, այլ նաև նրանց սահմաններից դուրս:
Բադասյանը հավելել է, որ իր թիմը ուղղակի կաշվից դուրս է գալիս, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ լինի բարիդրացիական աշխատանքային մթնոլորտ՝ հավելելով, որ դա դրսևորվում է օրենսդրական նախաձեռնություններին արձագանքով, քննարկման պատրաստակամությամբ։

Նշենք, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագծերի փաթեթը, նաև հիշեցրեց, որ նախագծերի փաթեթով քրեական պատասխանատվություն էր նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։

Թեգեր: Ռուստամ Բադասյան