Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Պատմության այս օրը ծնվել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը

Բաբաջանյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման

img

Հայ կոմպոզիտոր, դաշնակահար, Խորհրդային և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Հարությունի Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին Երևանում։

Տաղանդավոր կոմպոզիտորն իր  առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը, դեռ հինգ տարեկանում նկատելով, որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։

1938թ. Բաբաջանյանը մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրսը։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Չայկովսկու անվան ՄՊԿ, որից հետո Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը և այն ավարտելուց հետո սովորում կոնսերվատորիայում։

1948թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի Կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։

1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, իսկ 1956թ-ից՝ ապրել և աշխատել  Մոսկվայում։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։

Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝  «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկա», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է բազմաթիվ ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։

Առնո Բաբաջանյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ ԽՍՀՄ պետական մրցանակ, ՀԽՍՀ պետական մրցանակ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լենինի շքանշան և այլն։

Հայ անվանի կոմպոզիտորը մահացել է Մոսկվայում 1983 թ. նոյեմբերի 11-ին։

 

 

 

Թեգեր: Առնո Բաբաջանյան, կոմպոզիտոր