Skip to main content
Աջակցություն 20 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Լիբիական հակամարտություն․ ճգնաժամից կարգավորում

Լիբիական տարբեր ուժերին աջակցելը ոչ մի կերպ չի ազդում թուրք-ռուսական ներկա հարաբերությունների պրագմատիկ բնույթի վրա

img

Լիբիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ Բեռլինում տեղի ունեցած վեհաժողովը պետք է պատասխաներ հետևյալ հարցին․ կարո՞ղ են արդյոք աշխարհաքաղաքական տարբեր ճակատներում գտնվող միջազգային դերակատարները սկսել այդ երկրում քաղաքացիական պատերազմի կարգավորման հստակ գործընթաց։

Գերմանական կանցլերի նստավայրում՝ կլոր սեղանի շուրջ, հավաքվել  էին Անգելա Մերկելը, Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Էրդողանը, Էմմանուել Մակրոնը, Բորիս Ջոնսոնը, Մայք Պոմպեոն, Ջուզեպպե Կոնտեն։ Իսկ վեհաժողովին մասնակցել են ընդհանուր առմամբ ավելի քան տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև չորս միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Աֆրիկյան Միության, Արաբական Պետությունների Լիգայի ներկայացուցիչներ։

Մինչդեռ ընդդիմադիր գեներալ Խալիֆա Հաֆթարը, ում զորքերը վերահսկում են Լիբիայի տարածքի 80%-ը, և ՄԱԿ-ի կողմից Թրիպոլիում ճանաչված կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջը չնայած գտնվում էին Բեռլինում, բուն բանակցություններին չեն մասնակցել, ինչը վկայում է լիբիական հակամարտության կարգավորման ճանապարհին եղած լուրջ խնդիրների մասին։

Վեհաժողովի արդյունքները վկայում են այն մասին, որ լավագույն դեպքում կարող է սկսվել երկարատև քաղաքական գործընթաց, և առաջին քայլերը կարող են լինել  կրակի դադարեցման նկատմամբ  վերահսկողության մեխանիզմների վերամշակում և զինված հակամարտությունը դիվանագիտական ուղով տանելու փորձը։

Բնականաբար, այդ ամենին հասնելը կլինի շատ բարդ, քանի որ 2011թ-ից սկսած, երբ տապալվեց Մուամմար Քադաֆին, ըստ էության Լիբիան մասնատվեց մի քանի ինքնուրույն տարածքների, որոնք վարում են մշտական պառակտիչ պատերազմներ։ Վերջին հինգ տարիներին իշխանության համար արյունահեղ պայքարն ընթանում է երկու  հիմնական հակամարտող ուժերի միջև, որոնք զուտ անվանապես կարող են կոչվել իշխանություն և ընդդիմություն։

Եվ չնայած լիբիական հակամարտության կարգավորմանը ուղղակիորեն և անուղղակիորեն մասնակցում են Արևմուտքի երկրները, ԱՄՆ-ն, արաբական որոշ հաևան երկրներ, ինչպես նաև շահագրգիռ միջազգային կազմակերպություններ, այնուամենայնիվ, վերջին ամիսներին Ռուսաստանին և Թուրքիային հաջողվել է նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել  և դառնալ խաղաղարար գործընթացի հիմնական հովանավոր։

Ներկա իրավիճակի առանձնահատկությունը նրանում է, որ չնայած Անկարան աջակցում է Սարաջի կառավարությանը Թրիպոլիում, իսկ Մոսկվան Հաֆթարին, սակայն նման դասավորվածությունը ոչ մի կերպ չի ազդում թուրք-ռուսական ներկա հարաբերությունների պրագմատիկ բնույթի վրա։ Հենց Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերը կարողացան հունվարի 12-ին հաստատել կրակի դադարեցման ռեժիմ, որը մինչ այժմ հիմնականում գործում է։

Ակնհայտ է, որ այսօր Մոսկվան և Անկարան փորձում են Լիբիայում իրագործել սիրիական սցենարը՝ հասնել փոխշահավետ պայմանավորվածությունների, որոնք կարող են հանգեցնել երկիրը միմյանց միջև ազդեցության գոտիների բաժանելու։

Հենց Թուրքիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական հաջողությունները Սիրիայում ճանապարհ բացեցին դեպի Լիբիա։ Լիբիայի հաշտեցումը բանալի կհանդիսանա Հյուսիսային և Արևմտյան Աֆրիկայում կայունության համար։ Ընդ որում այդ տարածաշրջանը ռազմավարական առումով շատ կարևոր է։

Լիբիան մտնում է աշխարհի ամենամեծ նավթային պաշարներ ունեցող պետությունների տասնյակի մեջ՝  շուրջ 40 մլրդ բարել։ Լիովին բնական է, որ հակամարտության ավարտից հետո Լիբիան կսկսի ստանալ հսկայական շահաբաժիններ ածխաջրերի վաճառքից։ Մոսկվան և Անկարան դեմ չեն, որ ունենան «իրենց բաժինը» դրանից։ Սակայն նման սցենարը պետք է դեռ իրագործվի։

 

Թեգեր: Լիբիա, հակամարտություն, Ռուսաստան, Թուրքիա