Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

ՍԴ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետն անդրադարձել է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին

img

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անառարկելի փաստ ունի, որ Ազգային ժողովում Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է այսօր՝ հունվարի 27-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ՝ խոսելով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին: 

Վարչապետի պնդմամբ՝ երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը չի պատրաստվում իր արած կեղծիքները կոծկել, այդ ընթացքում Հրայր Թովմասյանը սկսեց քաղաքական դաշտում իր համար որոշակի պաշտպանություններ փնտրել, և այս ողջ գործընթացը կուլմինացիայի հասավ ապրիլ-մայիս-հունիս ժամանակաշրջանում: 

«Այդ պաշտպանություններն ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ: Արդյունքում հարուցվեցին քրեական գործեր, և տեղի ունեցավ ամենակարևոր ու մեծ բացահայտումը` փաստացի, ապացուցված, անառարկելի, որ ՍԴ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով, ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝  գործել է երկու տրամաբանություն` այդ փաստն օգտագործել և ՍԴ-ն առնել վերահսկողության տակ կամ գտնվել սկզբունքային և գնալ իրավական լուծումների ճանապարհով:
«Ես հասկացել եմ, որ չի կարելի սիրո և համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և խնդիր դնել ունենալ խամաճիկային Սահմանադրական դատարան»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ այսօր ՀՀԿ-ի նախկին իշխանության անդամները երկրից երկիր են գնում, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն են գնում արձանագրելու համար, որ Հայաստանի իշխանությունները հետապնդման են ենթարկում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին և փորձում են անձնական հաշվեհարդար տեսնել՝ հավելելով, որ այդկերպ փորձ է արվում վնասել ՀՀ ժողովրդավարական, իրավական պետություն լինելու իմիջը:

«Եկեք հետ գնանք 2018թ. մայիս: Ինչպես հիշում եք, նոր ձևավորված կառավարությունը Հրայր Թովմասյանի հրաժարականը չպահանջեց: Ինչո՞ւ: Ոչ թե նրա համար, որ սիրում էր կամ չէր սիրում, այլ մի պարզ պատճառով, որ որոշել էինք, որ մենք հարցերին պետք է մոտենանք ինստիտուցիոնալ»,- ասաց վարչապետը։

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, ՍԴ, Հրայր Թովմասյան