Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Բոլոր թեկնածուների համար նախընտրական պայմանները հավասար չեն․ Ռուսլան Իսրայելյան

Armenia Today-ի հարցազրույցը ԱՀ ԱԺ պատգամավոր, ԱՀ նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանի հետ

img

Armenia today-ը հարցազրույցների շարք է սկսել ԱՀ նախագահի թեկնածուների հետ՝ նպատակ ունենալով պարզել Արցախի ներքաղաքական իրավիճակը և թեկնածուների տեսլականն Արցախի ապագայի մասին: Այս անգամ մեր զրուցակիցը ԱՀ ԱԺ պատգամավոր, ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Ռուսլան Իսրայելյանն է:

-Պարոն Իսրայելյան, Դուք ևս արձագանքել եք ՀՀ վարչապետի կոչին՝ ներկայացնելով Ձեր տեսակետը Արցախյան հիմնահարցի լուծման ուղղությամբ: Որպես նախագահի թեկնածու, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախյան հիմնահարցի լուծումը:

-Բազմիցս տարբեր առիթներով բարձրաձայնել եմ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իմ տեսակետը: Որպես Արցախի քաղաքացի, անհնարին եմ համարում որևէ տարածքային զիջում, խաղաղապահ ուժերի տեղակայում: Մեր բանակն ամենահզոր խաղաղապահ ուժն է: Զիջելու ոչ մի տարածք չունենք, քանի որ այդ տարածքներն Ադրբեջանի սկսած պատերազմի արդյունքում ենք ազատագրել:

ՀՀ վարչապետի կոչը երևի քաղաքական ենթատեքստ ուներ, բայց Արցախի հարցում ես քաղաքական ենթատեքստ չեմ ուզում օգտագործել: Ես իմ քարոզարշավի ժամանակ ներկայացնելու եմ Արցախյան հարցի լուծման իմ տեսակետը, ծրագրերը: Եթե Արցախի ժողովուրդն իր քվեն ինձ տա, կնշանակի, որ ընդունում է իմ տեսակետն այդ հարցում:

-Դուք «Ազատ հայրենիք» կուսակցության, նրա  խորհրդարանական խմբակցության անդամ էիք: Արդյո՞ք հնարավոր համարում եք համագործակցությունը «Ազատ հայրենիք»-ի կամ այլ կուսակցությունների հետ:

-Իհարկե, ոչ: Եթե ես «Ազատ հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմելու մտադրություն ունենայի, այդ կուսակցությունից դուրս չէի գա: Ես «Ազատ հայրենիք» կուսակցությունից դուրս եմ եկել զուտ քաղաքական տարաձայնությունների պատճառով: Այդ կուսակցություն մտել եմ 2010թ.՝ իմ պատկերացրած երկիրը կառուցելու համար: Երբ հասկացել եմ, որ այդ կուսակցության հետ ճանապարահ չեմ կարող անցնել, դուրս եմ եկել: «Ազատ հայրենիք» կուսակցությունում ունեմ ընկերներ, որոնց հետ ժամանակին աշխատել եմ, բայց այդ կուսակցության կողմից տարվող քաղաքականությունը, աշխատելաոճն ինձ համար անընդունելի է: Այն մարդ-կուսակցություն է, չնայած ինչպես իրենք են ներկայացնում հազարավոր անդամներ ունեն: «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն առանց կուսակցության խորհրդի, ԱՀ ԱԺ խմբակցության հետ հարցը քննարկելու պետնախարարի պաշտոնից հրաժարական է տվել: (Խոսքը Լեռնային Ղարաբաղի  նախկին պետական նախարար,  «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի մասին է, ով 2018-ի հունիսին հրաժարական էր տվել պետնախարարի պաշտոնից(Խմբ․))։ Հենց այդ էր կուսակցությունից և խմբակցությունից դուրս գալու հիմնական պատճառը:

Այլ կուսակցությունների հետ համագործակցության առումով ոչինչ բացառված չէ: Այսօր դաշտում առկա են մեծ քանակությամբ կուսակցություններ, որն ինձ համար ընդունելի չէ, որովհետև դրանց մի մասն արհեստական է: Այսօր վաղ է խոսել որևէ մեկի հետ դաշինք կազմելու մասին: Տարբեր կուսակցություններից դիմել են այդ հարցով, բայց այս պահի դրությամբ ընդհանուր հայտարարի չենք եկել:

Ես կարող եմ բանակցել կամ դաշինք կազմել այն կուսակցությունների հետ, որոնք բացառում են նախկին իշխանությունների վերադարձը՝ անկախ, թե ում դեմքով են փորձում վերարտադրվել:

-Վերջերս հասարակական քննարկման առարկա էր դարձել փոքր ՀԷԿ-երի խնդիրը, արդյո՞ք այդ խնդիրը առաջնային լուծման ենթակա եք համարում:

-Բնապահպանական խնդիրների լուծումը միշտ արդիական է եղել: Երբ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը սկսել էր հէկաշինության գործընթացը, ես ողջունել եմ: Դրանով ստեղծվում են այլընըտրանքային էներգետիկ ռեսուրսներ, էներգետիկ անվտանգություն ենք ապահովում: Գաղափարը ողջունելի էր, բայց ես դեռ այն ժամանակ եմ զգուշացրել բնապահպանական հնարավոր խնդիրների մասին: Մենք մեր բնությամբ ենք հարուստ: Դրա համար իմ աջակցությունն եմ հայտնել փոքր ՀԷԿ-երի կառուցման դեմ հացադուլ հայտարարածներին՝ մի պայմանով, որ հարցը չքաղաքականացվի: Պետք է դադարեցվի նոր կառուցվող ՀԷԿ-երի շինարարությունը, ստեղծվի անաչառ պրոֆեսիոնալ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի բնապահպանական նորմերին համապատասխանությունը:

-Ընտրությունների նախօրեին ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը, արդյոք բոլոր թեկնածուների համար պայմանները հավասար են:

-Բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ չկան, որովհետև որոշ թեկնածուներ արդեն մեկ տարի տարբեր ձևակերպումներով՝ կուսակցաշինություն, ծրագրերի ներկայացում, քարոզարշավ են իրականացնում: Դա ինքնին խոսում է նրա մասին, որ հավասար պայմաներ չկան: Օգտագործվում են ադմինիստրատիվ ռեսուրսներ: Ինձ համար շատ զարմանալի է ՀՀ իշխանությունների թողտվությունը, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են Արցախում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ, բայց իրականում հանդիպել է Բակո Սահակյանի «սրտի թեկնածուների» հետ:

Ես արդեն որպես ԱՀ նախագահի թեկնածու՝ հայտ եմ ներկայացրել ԿԸՀ: Արցախում մեծ թվով չկողմնորոշված մարդիկ կան, որոնց հետ էլ աշխատելու եմ:

Բայց ուզում եմ շեշտել, որ մենք ժողովրդավարության անվան տակ լուրջ սխալներ ենք անում: Ի՞նչ է նշանակում Արցախում 30 կուսակցություն կամ այսքան նախագահի թեկնածուներ: Այս իրավիճակը համարում եմ գործող իշխանությունների թերություններից մեկը, որը ժամանակին նման հարցերն այնպես չի կարգավորել, որ այսօր իրական պայքար ունենանք:

Նշենք, որ Արցախի նախագահի հավանական թեկնածուների հետ հարցազրույցների շարքի շրջանակներում Armenia Today-ը արդեն զրուցել է Մասիս Մայիլյանի,  Քրիստին Բալայանի և Աշոտ Ղուլյանի հետ։

Թեգեր: Ռուսլան Իսրայելյան, ԱՀ Համապետական Ընտրություններ