Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Երևանում տեղի է ունեցել Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը

Համաժողովի շրջանակներում ստորագրվել է փոխմբռնման հուշագիր

img
img

Այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանում կայացել է Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը, որը կազմակերպվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի Հայաստան այցի շրջանակում։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Համաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համուրին, Հայաստանի և Հորդանանի պետական և մասնավոր հատվածի մի շարք ներկայացուցիչներ և գործարարներ։

Համաժողովի, սկզբում ելույթներ ունենալով, Տիգրան Խաչատրյանն ու Տարեկ Համուրին նշել են, որ ընդամենը շաբաթներ առաջ ձեռք բերված պայմանավորվածություններն
արդեն վերածվում են գործուն քայլերի։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ երկրների միջև գործակցությունը զարգացնելու լայն հնարավորություններ կան և համոզմունք է հայտնել, որ այսօրվա գործարար համաժողովը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև միտված կլինի առարկայական արդյունքներ գրանցելուն:

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել գործարարներին, որպեսզի բոլոր պայմանավորվածություններն իրականություն դառնան առանց խոչընդոտների։ Տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը պայմանավորելով նաև մասնավոր հատվածում հաստատված կապերով՝ նախարարը շեշտել է, որ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Ներդրումների աջակցման կենտրոնը պատրաստ է հնարավորինս օժանդակելու մասնավոր հատվածին՝ գործարար կապեր հաստատելու հարցում։

Համաժողովի ընթացքում ստորագրվել է «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև տնտեսական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը։

Թեգեր: Հայաստան-Հորդանան Գործարար Համաժողով, Տիգրան Խաչատրյան, Տարեկ Համուրի