Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Սահմանադրական դատարանը՝ որպես դատական իշխանություն, անկախ չի եղել, այլ գտնվել է գործադիրի ազդեցության ներքո․ Փաստաբան

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը ողջունում է իշխանության կողմից քաղաքական որոշման կայացումը՝ Սահմանադրական բարեփոխումների անցկացման հարցում

img

Սահմանադրական դատարանը՝ որպես դատական իշխանություն,  անկախ չի եղել, այլ գտնվել է գործադիրի ազդեցության ներքո։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված բարեփոխումներին ու ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին։

Ըստ փաստաբանի երկրում պետք է գործի օրենքի դիկտատուրա, որը հավասարապես պետք է գործի բոլորի համար։ 
«Ասել թե մենք ՍԴ չենք ունեցել՝ սխալ է։ Սահմանադրական դատարանը մեր երկրում կայացած մարմին է եղել, գործառույթներ իրականացրել, բայց այստեղ կա մեկ բայց՝ և՛ առաջին, և՛ երկրորդ և՛ երրորդ նախագահների օրոք ՍԴ-ն արդարադատությունը թերի է իրականացրել»,-նշել է նա։ Բաղդասարյանի խոսքով՝ շահագրգիռ անձանց կողմից վիճարկված ընտրությունների արդյունքներին դատարանը լավագույն դեպքում կիսաարդարադատությամբ, ոչ իրավաչափ ակտերով է պատասխանել։

«Ինչ ենք ունեցել՝ ընտրախախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրությունների վրա, և ՍԴ ակտեր, որտեղ նշված է, որ ընտրություններում եթե անգամ եղել են խախտումներ, ապա դրանք ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունեցել»,-նշում է փաստաբանը։
Նրա խոսքով՝ հետևությունը մեկն է՝ Սահմանադրական դատարանը՝ որպես դատական իշխանություն, եղել է գործադիրի ազդեցության ներքո, անկախ չի եղել։ Դա է պատճառը, որ այսօր քաղաքական, լեգիտիմ իշխանությունը  այն փոխելու ցանկություն ունի, հակառակ դեպքում ՍԴ կշարունակեր աշխատել իրենց իշխանության ներքո։

Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ անկախ նրանից որքանով ենք գոհ ներկա իշխանության գործունեությունից, պետք է փաստենք, որ գործող իշխանությունը ստացել է ժողովրդի բացարձակ քվեն, լեգիտիմ իշխանություն  է և ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահների դեպքում չենք ունեցել նման ընտրություններ։
«Երկրի պետականաշինության ճիշտ հիմնաքարը մեր երկրում դրվեց, որի կրողն ու շարունակողը պետք է լինի ՀՀ քաղաքացին»,-ընդգծել է նա։
Ինչ վերաբերում է նրան, որ երկու տարի անց է նախաձեռնվել գործընթացը, Բաղդասարյանը նկատեց, որ հեղափոխությունից անմիջապես հետո պետք է փոխվեր Սահմանադրությունը։

«Լավ է ուշ, քան թե ուշացած։ Եթե իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել, պետք է այն ողջունել։ Իրավական հարթության վրա պետք է փաստել հետևյալը՝  Սահմանադրությունը գրվել է մեկ անձի համար, գրողը ամեն ինչ արել է, որ ինքը դառնա ՍԴ նախագահ՝ իր համար դրական դրույթներով»,-նշել է նա։
Փաստաբանը կարևորեց ևս մեկ հանգամանք՝ եթե նախկինում հանրաքվեի դեպքում խոսվում էր կեղծարարությունների մասին, ապա այժմ ելակետային ձեռքբերում է, որ ոչ մեկի մտքով դա չի անցնում։

Թեգեր: Լևոն Բաղդասարյան, ՀՀ Սահմանադրական Դատարան