Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Հույս ունեմ, որ մեր հասարակությունը ամբողջությամբ կմերժի թե՛ փողը, թե՛ փող տվողներին. Հայկ Խանումյան

Armenia today-ը հարցազրույցների շարք է սկսել ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ․ այս անգամ զրուցել ենք ԱՀ «Ազգային Վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանի հետ

img

Armenia today-ը հարցազրույցների շարք է սկսել ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ՝ նպատակ ունենալով պարզել Արցախի ներքաղաքական իրավիճակը, վեր հանել թեկնածուների կարծիքները Արցախի ներքին խնդիրների և մարտահրավերների մասին: Armenia today-ի զրուցակիցը ԱՀ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն է:

-Ինչպե՞ս եք գնահատում Արցախի ներքաղաքական իրավիճակը գալիք ընտրությունների նախօրյակին: Արդյոք բոլոր թեկնածուների համար պայմանները հավասար են:

-Ներքաղաքական իրավիճակը գնահատում եմ ակտիվ քաղաքական, բոլոր կուսակցությունները և քաղաքական գործիչներն ակտիվ նախապատրաստական աշխատանքի մեջ են, բայց պայմանները գնահատում եմ ոչ հավասար ու ոչ արդար: Քաղաքական ուժերից առնվազն մեկի՝ «Ազատ հայրենիք»-ի օգտին փող են բաժանում տարբեր հիմնադրամների, տարբեր ծրագրերի շրջանակում: Սա անթույլատրելի է: Պետական հաստատությունները, ուժային կառույցներն ի վիճակի չեն կամ ցանկություն չունեն կատարել իրենց ֆունկցիաները:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների տված երաշխիքին, ապա ակնհայտ է, որ այդ երաշխիքը տարածվելու է ոչ թե ընտրությունների վրա, այլ լավագույն դեպքում կարող է տարածվել միայն քվեարկության գործընթացի վրա, երբ որ դիտորդներ կգան: Այս առումով իրավիճակը մտահոգիչ է, սակայն հույս ունեմ, որ մեր հասարակությունը բավականին հասունացել է վերջին տարիների ընթացքում և ամբողջությամբ կմերժի թե՛ փողը, թե՛ փող տվողներին:

-Դիտորդական առաքելությունները չեն կարող արդյոք ապահովել ընտրությունների արդար ընթացքը:

-Հնարավոր է նախընտրական շրջանը դիտարկեն, բայց այն ծավալով աշխատանք, ինչ ծավալով կարող են անել պետական մարմինները՝ կանխելու հնարավոր օրինախախտումները ձայները գնելու գործընթացում, բնականաբար հասարակական կազմակերպությունները չեն կարող անել:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք նախատեսում աշխատել:

-Պիտի ուղղակի համոզենք բնակչությանը, որ աջ ու ձախ բաշխվող գումարները գողացված են և նրանք, ովքեր բաժանում են այդ գումարները, նպատակ ունեն ավելի շատ գումարներ գողանալ ընտրողներից՝ իշխանության գալուց հետո: Այդ մարդիկ գումար են բաժանում, որպեսզի թալանելու իրենց իրավունքից չզրկվեն և շարունակեն այն: Սա պետք է մարդկանց գիտակցության մեջ մտնի:

Այդ գողացվող գումարները կարող են դրվել ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության ոլորտներում, բայց դա չի արվում, որովհետև մի խումբ մարդիկ այդ գումարը ծառայեցնում են նեղ անձնական շահերին՝ սպասարկելով իրենց բիզնեսները:

Մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ արդյոք ուզում են ժողովրդի հաշվին բիզնես արած մարդկանց կարողությունները ուժեղացնել, թե ուզում են այս ամեն ինչը փոխել:

-Դուք, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, ներկայացրել եք Արցախյան հարցի լուծման Ձեր տեսակետը: Արդյոք տեղյակ էիք Կապանում ՀՀ վարչապետի վկայակոչած փաստաթղթերին, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի դրված էին բանակցային սեղանին:

 -Իհարկե, տեղյակ էի: Այդ փաստաթղթերը վաղուց են հրապարակայնացվել, խոսքը Մադրիդյան փաստաթղթի տարբեր կետերի և սկզբունքների մասին է: Դեռևս 2005թ. Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցներում դրա հիմքերը դրվել են, որոնք էլ հետագայում հիմք են դարձել Մադրիդյան փաստաթղթի մշակման համար: Ես Կազանի վերաբերյալ 2011թ. բավականին սուր հոդված էի հրապարակել, որտեղ նշել էի, որ այս փաստաթղթի ստորագրման դեպքում Սերժ Սարգսյանն արժանանալու է Իցհակ Ռաբինի ճակատագրին: Իցհակ Ռաբինը Իսրայելի վարչապետն էր, որը պաղեստինցիների հետ խաղաղության պայմանագիր ստորագրելիս սպանվեց: Արցախի իշխանությունները բավականին կոշտ արձագանքեցին այդ հոդվածին։

Այդ փաստաթուղթը նորություն չէր և տարբեր մակարդակներում այդ կետերի և սկզբունքների մասին խոսվել է: Խնդիրն այն է, որ առնվազն 2016թ. Արցախի բոլոր հինգ խորհրդարանական ուժերի կողմից հստակ դիրքորոշում է արտահայտվել, որ մեզ համար անընդունելի է որևէ տարածքային զիջում, որևէ խաղաղապահ օտար ուժի ներկայություն Արցախում: ՀՀ իշխանություններին Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները զգուշացրել են զերծ մնալ պարտվողական, հողատվական հայտարարություններից: Հանրապետականների ճակատագիրը նաև այս պարտվողական քաղաքականության հետևանք էր:

-Իսկ պարտվողական երանգներ տեսնո՞ւմ եք ՀՀ վարչապետի՝ Արցախի հիմնահարցի երեք կողմերի համար ընդունելի տարբերակի մասին հայտարարությունների մեջ:

-Դա կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից ենք հարցին նայում: Եթե նայենք ընդհանուր կոնտեքստի մեջ, կտեսնենք, որ դիվանագիտական ձևակերպում է, ինչի նպատակը Ադրբեջանից նման հայտարարություն պոկելն է, ինչը հնարավորություն կտա աշխարհին ներկայանալ որպես կառուցողական՝ ի հակառակ Ադրբեջանի: Համենայն դեպս ես նման հայտարարություն չէի անի, մենք ոչ թե միջնորդի տեսանկյունից պետք է հայտարարություն անենք, այլ կողմի, իսկ մենք կոնֆլիկտի կողմ ենք և բնականաբար պետք է ձգտենք մեր օգտին վճռել այս հարցը: Իսկ այս հարցը պարզ պատասխան ունի՝ առնվազն ներկայիս տարածքով և ավելի մեծ բնակչությամբ Արցախ, հարցի ուրիշ լուծում մենք չենք տեսնում:

-Վերջերս Արցախում փոքր ՀԷԿ-երի հետ կապված հասարակական բողոքի ալիք է բարձրացել, որպես ԱՀ ԱԺ պատգամավոր, արձագանքել եք արդյոք բնապահպանական այդպիսի խնդիրներին:

-Դրա մասին բազմիցս խոսել ենք: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ այդ հարցը Ազգային Ժողովում պարբերաբար բարձրացրել է Վիլեն Սաֆարյանը, ով տվյալ ոլորտի մասնագետ է: Պատգամավորը խոսել է  ջրառի, ձկնուղիների, պոչամբարների  հետ կապված խնդիրների մասին և բնապահպանության նախարարն էլ բյուջեի քննարկումների ժամանակ հաստատել է, որ տարբեր խնդիրներ կան: Եվ եթե քաղաքական

Ճանապարհով այդ խնդիրները լուծում չեն ստացել, շատ լավ է, որ հասարակությունը, ակտիվ քաղաքացիները դրանք բարձրացնում են և բերում են նոր մակարդակի:

Արցախում վերջին տարիներին բարձրացված բոլոր խնդիրները, ցավոք սրտի, հնարավոր է եղել լուծել միայն հասարակական ճնշման միջոցով: Գործող, դրանից առաջ Արայիկ Հարությունյանի գլխավորած  կառավարություններն ընդունակ չեն եղել խնդիրներ լուծել: Հետևաբար այս իշխանության հետ պետք է խոսել միայն հանրային ճնշման միջոցով:

Բազմաթիվ ՀԷԿ-երի սեփականատերեր արցախյան պաշտոնյաներ են, ես դա ճշտել եմ համապատասխան հարցումների միջոցով: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ընդհանուր 35 մլն դոլարի ներդրում է կատարել ՀԷԿ-երում: Արցախի ներդրումային հիմնադրամը, որը սնվում է պետական բյուջեից, փոխառություններ է տրամադրել ՀԷԿ կառուցողներին կամ սուբսիդավորել է նրանց վարկերը՝ փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն օգնելու փոխարեն:

Նշենք, որ Արցախի նախագահի հավանական թեկնածուների հետ հարցազրույցների շարքի շրջանակներում Armenia Today-ը արդեն զրուցել է Մասիս ՄայիլյանիՔրիստին Բալայանի, Աշոտ Ղուլյանի և  Ռուսլան Իսրայելյանի հետ։

Թեգեր: Հայկ Խանումյան, ԱՀ Նախագահական Ընտրություններ