Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Կայացավ Փաշինյան-Աբդալլահ Երկրորդ հանդիպումը․ Հորդանանի թագավորը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է իր երկիր

Վարչապետ Փաշինյանը և Աբդալլահ Երկրորդը քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

img

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին:
Ողջունելով Հորդանանի թագավորին՝ վարչապետը նշել է, որ սա պատմական, առաջին այցն է Հայաստան և հույս է հայտնել շատ անգամներ տեսնել թագավորին Հայաստանում։

Վարչապետն ընդգծել է, որ  մեր ժողովուրդը շատ դրական պատմական հիշողություն ունի Հորդանանի հետ կապված, քանի որ երկիրը,  ժողովուրդը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին, և այս փաստն ավելի է ջերմացնում մեր վերաբերմունքը Հորդանանի և նրա ժողովրդի նկատմամբ: 

«Սա շատ հզոր հիմք է մեր հարաբերությունների համար և հույս ունեմ, որ այս հիմքի վրա մենք կկարողանանք կառուցել իրոք տպավորիչ հարաբերություններ: Շատ շնորհակալ եմ»,-նշել է նա:
Աբդալլահ Երկրորդն իր հերթին նշել է, որ  հպարտ են այն պատմությամբ, որ մեր ժողովուրդները կիսել են։ Թագավորը հույս է հայտնել, որ սա իր բազմաթիվ այցերից մեկն է:

«Մեր առանձնահատուկ բարեկամությունը երկար տարիներ շարունակվում է և հուսով եմ, որ այն կշարունակվի ավելի պայծառ և ջերմությամբ: Մենք հպարտ ենք, որ միմյանց հետ կիսել ենք պատմությունը: Մենք դեռ միասին շատ անելիքներ ունենք և ինձ թվում է դա Դուք էլ կհաստատեք:
Ես շատ լավատես եմ և ու հիացած Ձեր ընդունելությամբ»:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ներկայումս տնտեսությունն ունի զարգացման լավ միտումներ և երկրում ստեղծված է բարենպաստ տնտեսական միջավայր: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի և կապիտալի ներգրավմամբ ու փոխգործակցության լավ հեռանկարներ են առկա տնտեսության տարբեր ճյուղերում: 

Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ իր երկրի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ ու իրենք հետաքրքրված են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությամբ:
Երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարևորել են նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը:

Թեգեր: Աբդալլահ Երկրորդ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Հորդանան