Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Այսօր ԱԺ-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

Փոփոխություններով սահմանվում են բժշկական օգնության և սպասարկման տեսակները, դրանց իրականացման պայմաններն ու մատուցման ձևերը

img

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, որ 1996 թվականին ընդունված   օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ելնելով ՀՀ մի շարք օրենքներին  այն համապատասխանեցնելու անհրաժեշտությունից և արդիականացնելու կարիքից: Մասնավորապես,  փոխնախարարը հայտնել է, որ «հիվանդ» բառի փոխարեն այսուհետ գործածվելու է «պացիենտ» բառը: Բացի այդ, օրենքը համալրվել է նոր հասկացություններով եւ կարգավորումներով:
Սահմանվում են  բժշկական օգնության և սպասարկման տեսակները, դրանց իրականացման պայմաններն ու մատուցման ձևերը:

Առաջարկվում է ներդնել բժշկական ծառայությունների մատուցման նոր համակարգ: Մասնավորապես,  Հայաստանի մարզերում տեղակայված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող  պացիենտներին առավել  որակյալ, արագ և մատչելի  բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել  սահմանել հեռաբժշկության ծառայության վերաբերյալ կարգավորումները:

Այդ նպատակով ուսումնասիրվել է հեռաբժշկության ծառայություն իրականացնող մի շարք երկրների՝ մասնավորապես Նորվեգիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի փորձը. այժմ  աշխարհում հայտնի են հեռաբժշկության ավելի քան 250 ծրագրեր:

Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը մանրամասն քննարկել է փաթեթը և տվել  դրական եզրակացություն: Նա նշել է, որ հանձնաժողովը ներկայացրել էր 94 առաջարկ, որոնցից 82-ն ընդունվել է:

Քանի որ օրենքն առաջարկվում է  փոխել ամբողջությամբ, ապա անհրաժեշտ է անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար օրենսդրական փաթեթն ու ոլորտին առնչվող խնդրահարույց հարցերը. նման տեսակետ են  արտահայտել ելույթ ունեցող որոշ պատգամավորներ: Հիմնական զեկուցողը  լսումներ անցկացնելու առաջարկը նպատակահարմար է համարել, թեև նշել է, որ փաթեթը բազմիցս քննարկվել է:

Թեգեր: ՀՀ Ազգային Ժողով