Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Եղեգնաձոր համայնքում բացահայտվել է 44 մլն դրամի չարաշահումների դեպք

Հարուցվել է քրեական գործ

img

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Եղեգնաձոր համայնքում 2016-2019թթ. կատարված շինարարական աշխատանքներում իրականացվել է շուրջ 44 մլն դրամի առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Եղեգնաձորի համայնքապետարանը 2016-2017թթ. ընթացքում տարբեր ընկերությունների հետ կնքել է համայնքում տարբեր փողոցներում լուսավորության ցանցերի հիմնանորոգման, «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, թիվ 1 և թիվ 5 մանկապարտեզների խոհանոցի, տանիքի, առանձին բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման պայմանագրեր: Սակայն պայմանագրերով կատարված աշխատանքների տեղազննությունների, հսկիչ չափագրումների արդյունքում պարզվել է, որ աշխատանքներն իրականացրած ընկերությունների կողմից ներկայացված և համայնքի ղեկավարի կողմից ընդունված կատարողական ակտերով, հանձնման-ընդունման փաստաթղթերով արձանագրվել են տարբեր չափերի փաստացի պակաս կատարված աշխատանքներ։

Այսինքն Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կազմված նշված պայմանագրերի կատարողական ակտերում և հանձնման-ընդունման արձանագրություններում գրառված տեղեկությունները շուրջ 3.3մլն դրամի  կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանել։

Բացի այդ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի կողմից տեղում իրականացվել են 2 տարբեր ընկերությունների հետ կնքված պայմանագրերով  2018-2019թթ. Եղեգնաձորի տարբեր փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կատարված ասֆալտբետոնի վերին շերտի հանուկների նմուշառումներ և 5 հիմնական պարամետրերով (հաստություն, միջին խտություն, խտացման գործակից, ջրահագեցման տոկոս, ծակոտկենությունների տոկոս) կատարվել են դրանց լաբորատոր փորձարկումներ: Դրանց արդյունքում պարզվել է, որ նմուշառված հանուկները 3 կամ 4 պարամետրերով չեն համապատասխանել գործող նորմերով ներկայացվող պահանջներին և ըստ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ այդ անհամապատասխանությունների պայմաններում հնարավոր չի լինի ասֆալտը շահագործել նախագծով նախատեսված նորմատիվային ժամանակահատվածի ամբողջ ընթացքում՝ առանց հետագա լրացուցիչ միջոցառումների։ Այսինքն պարզվել է, որ շուրջ 41 մլն դրամի չափով կատարվել է անարդյունավետ ծախս:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետևանքներ առաջացնելու և 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեգեր: Եղեգնաձոր Համայնք, ՀՀ Գլխավոր Դատախազություն