Skip to main content
Աջակցություն 22 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Ընտրություններից մի քանի ամիս առաջ սկսում են կուսակցություններ ստեղծել և ժողովրդին գցում անորոշության մեջ․ Վիտալի Բալասանյան

Armenia today-ը հարցազրույցների շարք է սկսել ԱՀ նախագահի թեկնածուների հետ․ այս անգամ զրուցել ենք ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ

img

Armenia today-ը  հարցազրույցների շարք է սկսել ԱՀ նախագահի թեկնածուների հետ՝ նպատակ ունենալով պարզել Արցախի ներքաղաքական իրավիճակը, վեր հանել թեկնածուների կարծիքները Արցախի ներքին խնդիրների և մարտահրավերների մասին: Armenia today-ի այս անգամվա զրուցակիցը ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է:

-Պարոն Բալասանյան, դուք ԱՀ նախագահի այն թեկնածուներից եք, ովքեր չեն արձագանքել Արցախյան հիմնահարցի մասին դիրքորոշում ներկայացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Դեռևս 2018թ. մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն Արցախում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Արցախը բանակցային գործընթացին մասնակցի որպես լիիրավ կողմ՝ սուբյեկտ: 1994թ. հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Բուդապեշտում ամրագրվել է, որ Ղարաբաղը հանդիսանում է բանակցային գործընթացի լիիրավ կողմ, մասնակից: (Համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում հրադադարի մասին 1994 թ․ մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատած կողմերը։ Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին այդ համաձայնագիրը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև(Խմբ․))։ Ղարաբաղի դուրս մնալը բանակցային գործընթացից ֆորմատի խախտում էր, որի համար պատասխանատու է ԵԱՀԿ Մինսկի խումբը և ոչ թե ՀՀ կամ ԱՀ նախագահները: Աշխատանքային այցով ԱՀ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին քննարկել ենք այդ հարցը, առաջարկություն արել, որ բանակցությունների հիմք ընդունվի Բուդապեշտի և 1994թ. համաձայնագիրը: Բայց դա չի կատարվել: Ավելին, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախի հարցով տանում է դեպի փակուղի:

Ինչ-որ քաղաքական ուժեր, անհատներ սկսեցին այն հայտնի թեզն առաջ տանել, թե Արցախը ՀՀ մարզ է: Ես բազմիցս դրան հակադարձել եմ, բայց ցավով պետք է նշեմ, որ Արցախի ոչ ԱԺ նախագահը, ոչ խորհրդարանական կամ արտախորհրդարանական որևէ քաղաքական ուժ չի արձագանքել դրան։

Ժամանակ առ ժամանակ ՀՀ վարչապետը բարձրաձայնում է, որ պայմանավորածություններ ունեն, որ իբր ինքը ներկայացրել է իր տեսլականը: Այն քաղաքական ուժերն ու անհատները, որոնք հայտարարում են, որ Արցախի հարցում լիովին համաձայն են ՀՀ վարչապետի հետ, կա՛մ ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ մասին է խոսքը, կա՛մ այդ մարդկանց ձեռնտու է նման հայտարարություններ անելն առաջիկա ընտրություններում ինչ-որ դիվիդենտներ շահելու համար:

-Այսինքն,  Ձեր կարծիքով հիմա բանակցություններ են ընթանո՞ւմ:

-ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները բանակցություններ են, բայց ՀՀ իշխանությունները դրանք որակում են որպես ուղղակի հանդիպումներ: Ըստ իմ հավաստի աղբյուրների, Ժնևի երկօրյա հանդիպման ժամանակ քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու և այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը: Ավելի քան համոզված եմ, որ բանակցություններն ընթանում են այս հարցի շուրջ և քննարկվում են դրա բոլոր մանրամասները: Պայմանավորվածություններ կան, որպեսզի Հորադիզ-Կապան ճանապարհը կառուցապատվի և ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը տեղակայվեն Արցախում:

Նիկոլ Փաշինյանը փորձում է թյուրիմացության մեջ գցել հանրությանը, քաղաքական ուժերին, բայց գաղտնի տանել այդ բանակցությունը, որը վտանգավոր է: Ես վերջերս հայտարարություններ եմ տարածել՝ դիմելով ԱՀ նախագահին, որպեսզի նա պարզաբանի արդյոք կա որևէ պայմանավորվածություն: Առ այսօր ԱՀ նախագահը չի արձագանքել:

-Վերջին շրջանում խոսում են Արցախի քաղաքական դաշտում Ձեր որոշակի պասիվության մասին: Ինչո՞վ եք դա պայմանավորում:

-Ես երբևիցե պասիմ չեմ եղել: Արդեն մեկուկես տարի է, ինչ Ղարաբաղը թոհուբոհի մեջ է հայտնվել: Կարող ենք ասել, որ քարոզարշավ է ընթանում: Մենք քարոզարշավ դեռ չենք իրականացնում, աշխատում ենք օրենքի տառին համահունչ:

-Բացի «Արդարություն» կուսակցությունից, արդյոք այլ կուսակցությունների հետ դաշինք նախատեսում եք:

-Ես համագործակցության առաջարկով դիմել եմ տարբեր կուսակցությունների, բայց բոլորից ստացել եմ բացասական պատասխան: Այսպիսի իրավիճակում ժողովրդին տանում ենք պառակտման: Չունենալով կուսակցությունների մասին նորմալ օրենք, ընտրություններից մի քանի ամիս առաջ սկսում են կուսակցություններ ստեղծել և ժողովրդին գցում անորոշության մեջ: Սա շատ վտանգավոր է, որի դառը պտուղները քաղելու ենք հետագայում:

Ես անկուսակցական եմ, «Շարժում-88» կուսակցության հետ երկու անգամ մասնակցել եմ Ազգային Ժողովի ընտրություններին, այնտեղ ունեցել ենք խմբակցություն: Այդ կուսակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

Հավելենք, որ «Շարժում-88» կուսակցությունն արդեն հայտարարել է ԱՀ նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանին պաշտպանելու մասին, իսկ երեք անդամ ունեցող ԱՀ ԱԺ «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը բնակչության հետ հանդիպումներում ուղեկցում է Սամվել Բաբայանին սատարող «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներին:

-Արցախում վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում են փոքր ՀԷԿ-երի համապատասխանությունը բնապահպանական նորմերին, ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը դրա վերաբերյալ:

-Միայն փորձագիտական եզրակացության հիման վրա կարող ենք ասել, կա արդյոք բնապահպանական նորմերի խախտում, հատկապես, երբ խոսքը փոքր հիդրոէլոկտրոկայանների մասին է: Ես միշտ դեմ եմ եղել փոքր ՀԷԿ-երի կառուցմանը, չնայած չեմ բարձրաձայնել: Ես կողմ եմ միջին և մեծ ծավալով ջրամբարների կառուցմանը: Այս մասին ես բազմիցս ասել եմ ԱՀ նախագահին և կառավարության որոշ անդամների: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախում կլիման աստիճանաբար չորային է դառնում: Արցախում տեղումների քանակը վերջին տարիներին նվազել է: Սա պետք է բոլորի համար ահազանգ լինի: Մենք պետք է ջրային անվտանգության հարցը լուծենք, մանավանդ, որ արդեն ոչ թե նավթի, այլ ջրային ռեսուրսների համար են պատերազմներ սկսվում:

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երին. ապա տեսանք, որ բնապահպանական և փորձագիտական ուսումնասիրություններ չեն եղել, որից հետո դրա հիման վրա կարելի կլիներ թույլատրել կառուցել նոր ՀԷԿ:

Նշենք, որ Արցախի նախագահի թեկնածուների հետ հարցազրույցների շարքի շրջանակներում Armenia Today-ը արդեն զրուցել է Մասիս ՄայիլյանիՔրիստին Բալայանի, Աշոտ Ղուլյանի,  Ռուսլան Իսրայելյանի և Հայկ Խանումյանի հետ։

Թեգեր: Վիտալի Բալասանյան, ԱՀ Ընտրություններ