Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի պաշտոնակալությանը և Հայաստանի համար դրա դերին։
«Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ»,-նշել է Սարգսյանը՝ ըստ աստիճանակարգության առանձնացնելով երեք բաղադրիչներ, որոնք ազդեցություն կունենան Հայաստանի վրա։
Առաջին հերթին, ըստ ամերիկագետի, բնական է, որ գլոբալ քաղաքականությունը, օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները իրենց ազդեցությունը կունենան մեզ վրա: «Ռազմավարական դաշնակցի նկատմամբ տնտեսական ճնշումները, հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցները ուղիղ հարվածում են նաև մեր տնտեսությանը, իսկ լարված հարաբերություններն էլ ավելի են բարդացնում մանևրելու մեր հնարավորությունը: Թուրքիայի պարագայում, կարծում եմ, նոր վարչակազմը նույնպես կփորձի հարաբերությունների հաստատման փորձեր ձեռնարկել Հայաստանի հետ»,-գրել է նա՝ պարզաբանելով, որ գլոբալ քաղաքական գործընթացները մեզ վրա ազդեցություն ունենում են առանց մեր կամքի։
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը կլինի «Метод кнута и пряника»՝ համեմված պրագմատիկ լուծումներով: Այսինքն, թույլ կետերին մշտապես կխփեն, բայց ոչ շատ ուժեղ: Նոր վարչակազմը որոշ ուղղություններով կհամագործակցի ՌԴ-ի և Իրանի հետ, սակայն հարաբերությունների ամբողջական կարգավորում պետք չէ ակնկալել։ Նոր վարչակազմը նույնպես Ռուսաստանի հետ մնալու է մշտական մրցակից, Իրանի հետ՝ հակառակորդ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա կճնշեն այնքան բալանսավորված և վարպետորեն, որ ոչ իր տեղը մոռանա, ոչ էլ Ռուսաստանին շատ գրկախառնվի»,-նշել է փորձագետը։
Սարգսյանը հավելել է նաև, որ Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականության շտկումներ կլինեն, հաշվի առնելով վերջին պատերազմն ու դրանից հետո ձևավորված իրողությունները, ինչպես նաև ՄԽ համանախագահ լինելու և գործընթացներից որոշակիորեն դուրս մղված լինելու հանգամանքները: «Սակայն գլոբալ փոփոխություններ, ինչպես արդեն նշեցի, պետք չէ ակնկալել»-եզրափակել է Սարգսյանը:
Նշենք, որ այսօր նախատեսված է Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։ Երդմնակալության ներկա կգտնվի նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը։