ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Լինսի Գրահամը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Դոնալդ Թրամփի հանդիպումից ժամեր անց վետո է կիրառել Սենատում Հայոց Ցեղասպանության բանաձևի հայտնվելու նկատմամբ։
Վստահ էի, որ Էրդողանի Վաշինգտոն կատարելիք այցն ունենալու էր հետևանքեր և բազմիցս նշել եմ, որ էրդողանը Հայոց ցեղասպանության բանաձևի՝ Սենատի կողմից չհաստատվելու համար Միացյալ Նահանգներին զիջումների է գնալու։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Հարցին՝ ի՞նչ զիջումների մասին է խոսքը՝ ամերիկագետը նշեց, որ հնարավոր է Թուրքիան Սիրիայում որոշ զիջումների գնա՝ դրա դիմաց վետո կիրառելով Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ։
«ԱՄՆ Կոնգրեսի ամենաազդեցիկ սենատորներից մեկը՝ Լինսի Գրահամը, ներկա է գտնվել Էրդողան-Թրամփ հանդիպմանը և հանդիպումից ժամեր անց կիրառեց իր վետոյի իրավունքը։ Ըստ էության՝ սա նշանակում է՝ բանաձևը Սենատում քվեարկության չի դրվի»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Հարցին՝ արդյոք սենատորի կողմից վետոյի կիրառումը նշանակում է բանաձևի տապալում, Սուրեն Սարգսյանը նշեց, որ այնուհանդերձ սա չի նշանակում,որ բանաձևի՝ Սենատում քվեարկության դնելու հարցը տապալված է, քանի որ մի շարք սենատորներ կարող են այս ուղղությամբ լուրջ աշխատանք կատարել և շատ բան կախված է Սենատի մեծամասնության՝ հանրապետականների առաջնորդից։
«Հայկական լոբբիստական խմբերն ու Հայ դատի հանձնախմբի անդամները պետք է շարունակեն աշխատել սենատորների հետ, որովհետև կա մեխանիզմ, որի միջոցով Գրահամը կարող է հանել վետոն, իսկ եթե չհանի, ապա հնարավոր է նրա կողմից կիրառված վետոն շրջանցել։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ կտարվի ակտիվ աշխատանք, որպեսզի բանաձևը Սենատում դրվի քվերակության։ Գրահամի գործունեությունն ու Սենատում արտահայտած մտքերը (չպետք է «չափազանցնել պատմությունը կամ փորձել վերաշարադրել այն») վկայում են, որ նա Թուրքիայից աջակցություն է ստանում»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Խոսելով հանդիպումից հետո ամերիկա-թուրքական հարաբերություններում հետագա զարգացումների և Էրդողան-Թրամփ հարաբերութունների մասին՝ ամերիկագետը նշեց, որ վերջին շրջանի թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին սառն էին, սակայն հարաբերությունների ջերմացման միտում է նկատվում և այս ուղղությամբ երկու երկրներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում՝ միաժամանակ չբացառելով ամենամոտ ապագայում հարաբերությունների էլ ավելի ջերմացումը։