Աշխատանքի իրավունքից զրկելը, որպես պատվաստման խրախուսում, խնդրի լուծում չի կարող լինել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Աշխատանքային իրավունքի մասնագետ Տիգրան Կիրակոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության առաջարկով հանրային քննարկման դրված օրենքի նախագծին, որի հաստատվելու դեպքում աշխատանքից հնարավոր է զրկվել, եթե 14 օրը մեկ չներկայացնես ՊՇՌ թեստի բացասական արդյունք։
Ըստ օրենքի՝ բացառություն կկազմեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող փաստաթուղթը, հղիությունը կամ բժշկական հստակ հակացուցումները, որոնք շատ չեն։ Այս պահանջը չկատարելու դեպքում գործատուն իրավունք ունի աշխատակցին ազատել աշխատանքից։ Իսկ եթե գործատուն թաքցնի կարգազանց աշխատակցին, ապա կտուգանվի մեծ գումարով։
Ինչպես նշեց Կիրակոսյանը՝ տուգանքներից չի խուսափի նաև գործատուն, եթե հիմնարկությունում հայտնաբերվի աշխատակից, որը ներկա է աշխատանքին, սակայն չի ներկայացրել հավաստագիր։ Առաջին անգամ նա կտուգանվի 100-300 հազար դրամով, իսկ երկրորդ և հաջորդ անգամներին՝ 150-500 հազար դրամով։
Հանրային քննարկմանը ներկայացված նախագիծը՝ համեմված բազմաթիվ փաստաթղթերով, մի շարք հարցեր է առաջացնում։ Դա, մասնագետի կարծիքով, թերի օրենքներին է հատուկ՝ խեղդված փաստաթղթերի մեջ, որ ծածկվի պահանջի բուն էությունն այն դեպքում, երբ լիարժեք ու հիմնավոր օրենքները կարող են կես էջանոց լինել։
Տիգրան Կիրակոսյանը պարզաբանեց, որ աշխատանքային պայմանագրերի լուծարման գործընթացը հստակ կանոնակարգված գործընթաց է, որը Աշխատանքային օրենսգրքի 15-րդ գլխով է կարգավորվում։ Այս գլուխն ամենածավալունն է, և գրեթե բոլոր իրավիճակների համար սահմանված են կոնկրետ կարգավորումներ։ Պարզ է, որ դա արված է, որպեսզի գործատուն ինքնանպատակ ձևով աշխատողին չազատի աշխատանքից։
Իսկ արդյո՞ք գործատուն իսկապես կարող է ազատել աշխատակցին, եթե նա 14 օրը մեկ չներկայացնի ՊՇՌ թեստ։ Մասնագետը դա այսպես է մեկնաբանում․
«Կորոնավիրուսի թեստ ներկայացնելու պահանջը չկատարելու հիմքով աշխատանքից ազատելը կարող է հիմնավորվել 113-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, որը հիմնավորվում է պարբերականության սկզբունքով, այսինքն՝ երբ աշխատողը պարբերաբար կարգապահական պատասխանատվությունը չի կատարում։ Այստեղ օգնության է գալիս զգուշացման ինստիտուտի առկայությունը։ Մեկ տարվա ընթացքում երրորդ զգուշացումը կամ նկատողությունն արդեն հիմք է պայմանագրի լուծարման համար։
Կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար պետք է գրավոր ծանուցել այդ մասին։ Աշխատանքային օրենսգրքի 226 հոդվածի համաձայն՝ աշխատողն էլ, իր հերթին, պետք է գրավոր բացատրի, թե ինչու է խախտել կարգը»։
Եթե վերջինս գրագետ շարադրի, որ չի հանձնում ՊՇՌ թեստ, քանի որ չի տեսնում հիմքեր, (օրինակ՝ թեստավորվելու դեպքում էլ է ինքը վտանգավոր, չի տեսնում թեստավորվելու նպատակահարմարությունը կամ ունի բարձր հակամարմիններ և չի կարող պատվաստվել ու անցնել օրենքի պահանջի բացառությունների դաշտ), ապա գործատուն չի կարողանա նկատողություն տալ, ապահովել երեք նկատողության առկայությունը և ազատել նրան աշխատանքից։ Եթե, այնուամենայնիվ, նկատողություն տա, ապա հարցը դատարանում կքննվի, որտեղ կհստակեցվի՝ արդյո՞ք հիմնավոր են այդ պատճառները։
Դատարանում նախագծով ներկայացված հիմքերը շատ թույլ են։ Չէ՞ որ նույն երկրում մի ոլորտ պետք է ենթարկվի այդ պահանջին, մյուսը՝ ոչ։ Չմոռանանք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը չի տարածվում, օրինակ, քաղաքական պաշտոն զբաղեցնողների վրա։ Ստացվում է, որ երկրի առաջին դեմքերը կարող են չենթարկվել նորմին, իսկ վարչության պետերը և կրտսեր աշխատակիցները պարտադիր ենթարկվում են։ Ինչո՞ւ։
Մեր զրուցակիցը նշեց, որ օրենքը մի շարք ոչ մասնագիտական տարրեր է պարունակում, մեկ բառով ասած՝ վատ է գրված։ Դա կհանգեցնի խնդիրների տնտեսական շուկայում՝ գործատու-աշխատող, պետություն-քաղաքացի հարաբերություններում։
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որոնցով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը, այդպիսով՝ օրենքի նշված հոդվածի գործողությունը տարածելով հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։
«Պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից իր պարտականությունները չկատարելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
Արաքսյա Սնխչյան