Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, հայտնի դարձավ, որ Բաքվում ստեղծվել է հատուկ հրամանատարական խումբ, որը կներկայացնի Թուրքիայի ԶՈւ-ն Ադրբեջանում։ Խմբի ղեկավար է նշանակվել գեներալ-մայոր Բախտիյար Էրսեյը՝ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը:
Այս թեմայով և վերջերս հաճախակի դարձած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին Armenia Today-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում թուրքական հրամանատարական խմբի ստեղծումը երկու երկրների ԶՈւ փոխգործակության մակարդակի բարձրացմանն ու ինտեգրմանն ուղղված գործընթաց է, որի սկիզբը դրվել է դեռևս 44-օրյա պատերազմից առաջ։
«Հիշենք՝ ինչպես որոշ թուրքական բարձրաստիճան զինվորականներ ուղղորդվեցին Ադրբեջան, որ մասնակցեն մարտական գործողությունների կառավարմանը»,- ասաց Հարությունովը՝ ընդգծելով, որ պատահական չէ նորաստեղծ խմբի ղեկավարի՝ պատերազմին ակտիվորեն մասնակցած գեներալ լինելու փաստը։
Հարությունովի խոսքով՝ որոշ քաղաքական գործոններ էլ կան․
«Թուրքիան, բնականաբար, ուզում է ցույց տալ Ռուսաստանին իր ներկայությունը տարածաշրջանում։ Թուրքիան ցանկանում է ընդգծել, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, որը Ռուսաստանի ազդեցության գոտի չի լինելու»։
Ինչ վերաբերում է հաճախակի դարձած զորավարժություններին, ապա դրանք, փորձագետի դիտարկմամբ, պարբերաբար, ամիսը մեկ-երկու անգամ են անցկացվում, և մեծ հաշվով, առանձնապես բան չի փոխվել։
«Հիմնական փոփոխությունը կապված է Լաչինի զորավարժության հետ։ Դա նույնպես Ռուսաստանի նկատմամբ ճնշում է, սեփական ներկայությունն ընդգծելու փորձ։ Դրանով հակառակորդը ցանկանում է հիշեցնել, որ ազդեցության գոտին միայն ռուսներինը չէ․ զորավարժությունը ՀՀ սահմաններից հեռու չէ, մոտ է նաև ռուս խաղաղապահների գործունեության վայրին»,- նշեց փորձագետը։
Ինչ վերաբերում է մարտական գործողությունների վերսկսման հնարավորությանը, ապա դա դժվար է կանխատեսել, թեև հավանականություն միշտ էլ կա, քանի որ հարցերի լուծման մեթոդաբանությունն աշխարհում, ըստ Հարությունովի, գնալով դառնում է ուժային։
«Սակայն այժմ լայնածավալ մարտական գործողությունները ենթադրում են ռուս-թուրքական պատերազմ։ Այս պահին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև այնպիսի հակասություններ չեն նշմարվում, որ պատերազմի հանգեցնեն։ Տարակարծություն, իհարկե, միշտ էլ կա, բայց կա նաև փոխգործակցություն, և դրանք հավասարակշռության մեջ են։ Լայնամասշտաբ պատերազմներին հակառակ, սակայն, հաճախակի են փոքր սադրանքները»,- նշեց նա։
Ամփոփելով զրույցը՝ Հարությունովն ասաց․
«Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկացած ռազմական փոխգործակցություն Հայաստանի համար որոշակի խնդիրներ է ենթադրում, քանի որ ուղղված է նաև Հայաստանի դեմ։ Ցանկացած այդպիսի գործողություն խնդիր է Հայաստանի համար՝ անվտանգային առումով, բայց խոսել կոնկրետ մարտական գործողությունների հեռանկարի մասին, անհնար է»,- ասաց Հարությունովը՝ հավելելով, որ լարվածության միջադեպային դեպքերի մակարդակը կարող է աճել մոտակա ամիսների ընթացքում։
Արաքսյա Սնխչյան