Ադրբեջանի նպատակն է Հայաստանի համար այս խառն իրավիճակում դիրքավորվել բոլոր այն վայրերում, որոնք իր համար մարտավարական և ռազմավարական նշանակություն ունեն։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Փայլասարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
Հիշեցնենք՝ Կապանի համայնքապետի հայտարարել էր, որ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները, մինչդեռ տեղեկությունը հեքել էին ՊՆ-ն և ԱԱԾ-ն։
Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ՊՆ-ի, ԱԱԾ-ի և Կապանի համայնքապետի հայտարարությունները Սյունիքի մարզի Փայլասար բարձունքի վերաբերյալ որոշ դեպքերում չեն հակասում միմյանց։
«Սխեման հետևյալն է․ Փայլասարի այդ հատվածում ադրբեջանական դիրքեր չեն եղել։ Պատերազմից հետո այն, ըստ էության, եղել է չեզոք գոտու կարգավիճակում։ Որոշակի ժամանակահատվածում այդտեղ ծառայություն են իրականացրել ռուսական զինծառայողները, բայց հետո փոփոխություններ են տեղի ունեցել։ Ներկայում այդ հատվածում տեղակայվել են ադրբեջանական զորքերը»,-ներկայացրեց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի խոսքով՝ դիրքային փոփոխությունները տեղի են ունեցել ադրբեջանական կողմում․ տեղակայվել են մի վայրում, որտեղ նախկինում չեն եղել։ Այս դեպքում համայնքային ճանապարհները հայտնվել են ադրբեջանական կողմի դիտարկման ներքո։
«Կապան տանող կարևոր ճանապարհներից մեկը փաստացի հայտնվել է Ադրբեջանի դիտարկման ներքո։ Եթե հաշվի ենք առնում Սյունիքում ադրբեջանական կողմի տարբեր դիրքավորումները, ապա սա այդ շղթայի մի մասն է կազմում»,- նշեց պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանը կարճաժամկետ կտրվածքում Սյունիքում հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի տեսնում, միևնույն ժամանակ, չի բացառում, որ ադրբեջանական կողմը տարբեր ուղղություններով կարող է տեղային մարտեր վարել՝ տարբեր դիրքերի կամ բարձունքների նկատմամբ վերահսկողություն ունենալու նպատակով։
«Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ վարելու խնդիր չեն տեսնում, դրանով ցույց են տալիս իրենց վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ։ Ցավոք, այս իշխանությունների պայմաններում չունեմ որևէ լավատեսական մոտեցումներ, որ հնարավոր տարբեր զարգացումները կարող են մեր օգտին լինել։ Այս իշխանությունը որևէ ձևով պատրաստ չէ պայքարի, բացի դա էլ, որևէ ռեսուրս չի նախապատրաստում հնարավոր զարգացումներին»,- նկատեց մեր զրուցակիցը։
Խոսելով ՀՀ Զինված ուժերում տեղի ունեցող փոփոխություններից, մասնավարոպես՝ կառավարության գրավոր քվեարկությամբ ընդունված ԶՈւ դիվիզիաների կազմալուծման մասին, Աբրահամյանը նշեց, որ այդ փոփոխությունների ընթացքը կարելի է ամբողջական գնահատել այն ժամանակ, երբ պարզ լինի՝ ինչ փաթեթի շրջանակում է իրականացվում։ Այն, ըստ պատգամավորի, տեսանելի չէ և դժվար է եզրահանգումներ անել։
«Չեմ կարծում՝ ԶՈւ-ում կատարվող փոփոխությունները դրական արդյունք կտան, եթե հաշվի առնենք, թե ովքեր են այն իրականացնում։ Այս հարցում լավատես չեմ, որ այդ փոփոխությունները կյանքի կկոչվեն»,- եզրափակեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։