Խաղաղության օրակարգն ինքնանպատակ չէ, այն պետք է միշտ պահել բանակցային սեղանին, որովհետև ուզենք թե չուզենք մենք հարևաններ ենք, և պետք է գտնենք համակեցության որոշ կանոններ։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Բայց պատգամավորը հարցին այլ տեսանկյունից էլ է մոտենում՝ եթե պատրաստ ես խաղաղության, պետք է պատրաստ լինես նաև պատերազմի։
Իշխանական թիմի պատգամավորի խոսքով՝ մենք միշտ ցույց ենք տվել, որ խաղաղասեր ժողովուրդ ենք, սակայն, ըստ նրա, հզորանալը չի խանգարի։
Հովիկ Աղազարյանը տարածաշրջանում հնարավոր ապաշրջափակման վերաբերյալ ռիսկեր չի տեսնում։ Պատգամավորի պնդմամբ՝ ռիսկեր պետք է այլ տեղ փնտրել՝ հենց մեր մտածելակերպում։
«Ռիսկերը երբեմն-երբեմն նաև մեր օտարամոլության մեջ են։ Սահմանները պետք է բացվեն։ Եվրոպայում երկրներ կան, որի մայթերից մեկը մի պետությանն է, մյուսն այլ երկրի է պատկանում։ Այնպես չէ, որ դարերի ընթացքում այդ հարևան երկրները միմյանց հետ հաշտ են ապրել, բայց այսօր արդեն խաղաղ են ապրում։ Պետք է հասկանանք, որ պետք է հաշտվել դրա հետ։ Հետևաբար, ճանապարհների ապաշրջափակումն այլընտրանք չունի, որը պետք է անել ոչ ի վնաս մեր պետական շահերի»,- նկատեց մեր զրուցակիցը։
Պատգամավորը չի հերքում, որ այսօր Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում անվտանգային խնդիրները լուծված չեն։ Նրա կարծիքով՝ երբ յուրաքանչյուր քաղաքացի միայնական մնա իր խղճի հետ և հասկանա, որ պատերազմի ժամանակ ինչ ռիսկերից ենք խուսափել, իշխանությանը չի մեղադրի անվտանգային հարցերի չլուծման մեջ։
«Մենք չենք կարող Ալիևին ասել՝ պարո՛ն Ալիև, մենք մի խնդրանք ունենք Ձեզ՝ դուք 20 կիլոմետր այն կողմ ապրեք, որովհետև մենք ձեզանից զզվում ենք, նրանք կարող են ապրել որտեղ ուզում են»,- հավելեց նա։
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին իշխանության թեկնածուների հնարավոր պարտությանը՝ պատգամավորը նշեց, որ այնտեղ, որտեղ ՔՊ-ի թեկնածուն չի հաղթում, հենց այդ անձն է պարտվում, իսկ կուսակցությունը հաղթում է։
«Եթե ՔՊ թեկնածուի մրցակիցը ՏԻՄ ընտրություններում հաղթում է առանց գումար բաժանելու, առանց ճնշման, դա շատ լավ է։ Իմ պատանեկության երազանքն է, որ մարդն ազատ լինի։ Քաղաքացին ասում է՝ ես ճանաչում եմ քեզ, Նիկոլ Փաշինյան, իսկ համայնքի ղեկավարի ձեր թեկնածուին չեմ ճանաչում, ճանաչում եմ, օրինակ, Առուշ Առուշանյանին և նրան եմ ընտրում։ Ես դրան դեմ չեմ, դա մեր բերած օրակարգն է։ Եթե ՏԻՄ ընտրություններն արդար անցնեն, ընտրված թեկնածուն իմ ճաղատ գլխի վրա տեղ ունի»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։