Մենք այժմ գտնվում ենք ավագ շաբաթի խորհրդի մեջ, որտեղ հիշատակվում են տերունական ամբողջ անցած ճանապարհը` Քրիստոսի մատնության ծրագրումը, ապա բուն մատնությունը, հաղորդության խորհրդի հաստատումը՝ վերջին ընթրիքի միջոցով, իր վերջին պատգամները աշխարհին, ընդհանրապես մարդկությանը, ապա իր ձերբակալությունը, խաչելությունը, մահը և թաղումը և ապա՝ մեծ հարության խորհուրդը։
Այսպես սկսեց իր զրույցը Armenia Today-ի թղթակցի հետ Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ սրբազան Գալստանյանը։
Նրա խոսքերով՝ այս բոլորը ոչ սոսկ հիշատակվող պատմություններ են, այլ ամենօրյա վերակրկնվող և ապրող ճշմարտություններ։
«Մենք այսօր օրացուցային տվյալներից դուրս, որ մեզ հիշեցնում է այդ դեպքերի մասին, ուղղակիորեն ապրում ենք այդ ավագ շաբաթի մատնության, խաչելության խորհրդի մեջ և կարելի է ասել, որ մեր ժամանակաշրջանը, կարծես թե, այդ բարձրագույն իմաստով արտահայտում է մեր խաչի ճանապարհը»,- նշեց նա։
Եպիսկոպոսի խոսքով՝ «մյուս կողմից մենք հավատում ենք այդ խաչելության միջոցով անցնելու, մաքրվելու և հարության հաղթանակ ունենալու խորհրդին։ Մենք սպասում, ակնկալում և ցանկանում ենք գործել՝ հասնելու համար հարության խորհրդին»։
«Հարության խորհուրդը` Սուրբ Զատիկը, սոսկ մեր կյանքի մյուս օրերի շարքի օրերից չէ։ Այն առաջին հերթին ուղղակիորեն պատգամ է՝ մեզ հիշեցնելու մեր անմահության մասին․ այդ անմահության գաղափարը սոսկ վերացական չնկատելու, այլ նաև կիրառելի դարձնելու մեր ամենօրյա կյանքում։ Անմահության գաղափարից պետք է բխեն մեր բոլոր գործողությունները»,- ասաց նա։
Ըստ հոգևորականի՝ մեր ժողովրդի կյանքը այդպես է եղել․ մենք չենք ունեցել ժամանակահատված, երբ խաչելությունը մեզանից անպակաս է եղել, բայց միևնույն ժամանակ, ունեցել ենք հարության հաղթանակի ճշմարտությունը։
«Ես հավատում եմ, որ այս օրերի բարդ, դժվար, ծանր փորձություններով լեցուն օրերի միջից մենք ևս, մեր հավատարմությունը հայտնելով Աստծուն՝ իր բերած անմահության խորհրդին, իր հետ միասին նաև կունենանք հարության հաղթանակի խորհուրդը։
Հարությունը հայության համար եղել է մշտապես հաղթանակի իրականություն, և մենք անխափան կերպով ընթանալու ենք այդ ճանապարհով՝ անկախ նրանից, թե այսօր աշխարհը ինչպես է տրամադրված, ինչ պատգամներ ունի մեզ, թե մեր ներքին կյանքում մեր կառավարիչները կամ նրանք, ովքեր պատասխանատվություն են ստանձնում մեր կյանքի համար, ինչպիսի՞ թելադրանքներ ունեն մեր ժողովրդին կատարված։
Մեզ համար ուղղակիորեն անսակարկելի է մեր հաղթանակը, մեր ժողովրդի վերհառնումը և հարության խորհուրդը՝ Աստծուց տրված մեզ։ Այն ոչ ոք չի կարող մեզանից խլել՝ ո՛չ ներսից, ո՛չ դրսից»,- ընդգծեց նա։
Մեռելոցի օրը ոչ աշխատանքային համարելու որոշումը մեկնաբանելով՝ նա ասաց, որ սա հոգևւոր պատնեշը փլելու շարքի հերթական դրվագներից մեկն է։
«Որովհետևմեր կյանքում կան սրբագործված երևույթներ, դեպքեր, հանգամանքներ և իրադարձություններ, որոնք ուղղակիորեն մեզ ոչ միայն սոսկ հիշեցնում են անցյալի մասին, այլ նաև ներշնչում են ներկայի և գալիքի հանդեպ։
Ըստ նրա՝ մեր ննջեցյալները մեզ համար մեծագույն արժեքներ են, այն ներշնչման աղբյուրներն են, որոնց հետ մեր կյանքը ուղղակիորեն կապված է։
«Եկեղեցին սրբագործել է այդ օրը, այդ հիշատակը, որպես նաև անմահության գնացող մարդկանց, ժողովրդի իրողություն։ Մեռելոցը կամ ննջեցելոց օրը, որ սահմանված է եղել բոլոր տաղավար մեծ տոներից, այս պարագայում հարության տոնից հետո, մեզ ուղղակիորեն մղել է՝ հարգանք ընծայել մեր նախկինների հանդեպ, հավատարմություն հայտնել դեպի իրենց և իրենց անմեռ պատգամների միջոցով և ներշնչումով շարունակելու մեր կյանքը։ Հիմա փաստորեն այդ գաղափարը խոցված և կտրված է մեր կյանքից», – ընգծեց նա։
Ըստ Գալստանյանի, սա հոգևոր պատնեշը փլելու այդ ամբողջ շղթայի հերթական դեպքերից մեկն է։
«Մենք ուղղակիորեն ցավում ենք և անընդունելի ենք համարում, որ մարդիկ մեռելոց հիշատակելը դիտարկում են զանազան կերպերով, պայմանավորում են զանազան տեսակի երեույթներով՝ տնտեսականից սկսած մինչև անհասկանալի այլ բաներով՝ մոռանալով ճշմարտության, արժեքների, ինքնության գաղափարի մասին։ Եվ ոչ թե միայն մոռանալով, այլ իմ կարծիքով դիտավորությամբ ուղղակիորեն փորձելով ճզմել այն»,- եզրափակեց նա։