Ռուսաստանը փակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի նախնական արդյունքները:
Փորձագետի կարծիքով, նման որոշումը կայացվել է այն պատճառով, որ պաշտոնական Մոսկվան կարգավորման գործիքակազմի տեսանկյունից խաղադրույք է կատարում ոչ թե Մինսկի խմբի համանախագահների վրա (տվյալ դեպքում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարցի քննարկումը տեսականորեն դեռ հնարավոր է, բայց գործնականում` ոչ), այլ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի վրա, և հատուկ դրա համար ստեղծվել է աշխատանքային խումբ:
Այն մասին, որ Ռուսաստանը կրկին հայտ է ներկայացրել, որ առանցքային դեր է խաղալու տարածաշրջանում, վկայում է Պուտինի և Փաշինյանի պայմանավորվածությունը ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանն աջակցելու նպատակով, նշել է Պրիտչինը:
«Մի կողմից, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ mարտին բավականին բարդ էր, լարվածություն կար շփման գոտում, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զորքերի ներկայության փոփոխությունը, հետո Բրյուսելում տեղի ունեցավ հանդիպում, որի վրա մեծ խաղադրույք կատարեցին Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի առաջնորդները: Տպավորություն առաջացավ, որ Ռուսաստանը որոշակիորեն դուրս եկավ գործընթացից, բայց դա միայն թվում էր: ՌԴ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հայտնի նշանակումը, ինչպես նաև ՀՀ վարչապետի ներկայիս այցը Ռուսաստան հակառակն են ապացուցում: Ավելին, Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությունը շատ առումներով նման է այն հռչակագրին, որն ավելի վաղ ստորագրել էր Իլհամ Ալիևը, երբ Մոսկվա էր ժամանել այս տարվա փետրվարի վերջին», – նշել է Պրիտչինը:
Ու թեև Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը հռչակագրի կարգավիճակ չունի, սակայն, Պրիտչինի կարծիքով, այն կետերի և ոլորտների քանակը, որոնք նշված են որպես ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար առաջնահերթություն, առնվազն նույն մակարդակի վրա են դնում այդ հայտարարությունը, որը շատ առումներով որոշում է Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցային փոխգործակցության բնույթը:
Մեկնաբանելով կողմերի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը և Ռուսաստանը երրորդ երկրներին չեն տրամադրի իրենց տարածքները Կենսանվտանգության ոլորտում գործունեության համար, ռուս քաղաքագետը կարծիք է հայտնել, որ դա վկայում է պայմանավորվածության ձեռքբերման կամ առկա բիոլաբորատորիաների փակման կամ արդեն ռուս գիտնականների մասնակցությամբ դրանց վերաձևակերպման մասին: «Հենց այնպես պետությունների ղեկավարները նման հայտարարություններով հանդես չեն գալիս՝ առանց այդ թեմայի շուրջ իրական պայմանավորվածության», – նշել է նա:
Ստանիսլավ Պրիտչինը նաև մեկնաբանել է Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հարցով պաշտոնական Մոսկվային դիմելու Ստեփանակերտի մտադրության մասին խոսակցությունները: Նրա խոսքով, իրավիճակը Հայաստանի օգտին չէ, հաշվի առնելով, որ պաշտոնական Երևանը փաստացի համաձայնել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին:
«Հասկանալի է, որ իրավիճակն այնքան էլ ի օգուտ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի չէ, քանի որ ներկայիս ստատուս քվոն բոլորովին այլ է 2020 թվականի սեպտեմբերի 26-ի համեմատ: Հայտարարությունների մակարդակով փորձեր են արվում սրել իրավիճակը, զուգահեռաբար կատարվում են քայլեր, որոնք ուղղված են ծրագրի իրագործմանը, որը հայկական իշխանությունները սկզբունքորեն արդեն հավանություն են տվել, այսինքն «Լեռնային Ղարաբաղի» Ադրբեջանի իրավազորության մեջ աստիճանական մտնելու պլանին», – նշել է նա:
Քաղաքագետի խոսքով՝ հասկանալի է, որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի հասարակությունը պատրաստ չեն նման արմատական քայլերի, քանի որ մինչև վերջերս վստահություն կար, որ իրադարձություններն այլ հունով կզարգանան: Մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանի բավականին կոշտ գործողությունները խոսում են այն մասին, որ Բաքուն պատրաստ չէ սպասել և կոշտ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ, որպեսզի ավելի վաղ ընդունված որոշումները կատարվեն, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գծով:
Դրա հետ մեկտեղ, Պրիտչինի կարծիքով, այսօր չկան իրավաբանական, քաղաքական և ռազմա-ռազմավարական նախադրյալներ այն հայտարարությունների համար, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ Ռուսաստանի մաս:
«Մենք տեսնում ենք ոչ անելանելի իրավիճակ, բայց լուծումների հնարավորությունների բավական փոքր տարբերակով: Ստեղծված պայմաններում չկան որևէ իրավական, քաղաքական և ռազմաքաղաքական նախադրյալներ հայտարարություն անելու այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ Ռուսաստանի մաս: Դա մեծամասամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերնախավի մի մասի փորձն է՝ ինչ – որ կերպ սրել իրավիճակը, բայց իրականում ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես դա հնարավոր իրականացնել», – ամփոփել է ռուս քաղաքագետը: