Այժմ իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքական գործընթացները, որոնք միտված են են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փոխգործակցությանը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։
Ինչպես պաշտոնական Բաքուն հայտարարում է, դրանք Բրյուսելում քննարկվող հիմնական թեմաներն են՝ սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերը, ինչպես նաև խաղաղ պայմանագրի ստորագրումը, նշել է փորձագետը:
«Բայց ամեն ինչ չէ, որ այդպես է դասավորվում, ինչպես նշվել է՝ մինչև ապրիլի վերջ է նշանակվել հանձնաժողովի ձևավորման օրը, որը զբաղվելու է սահմանագծման և սահմանազատման հարցերով, իսկ դա տեղի չի ունեցել։ Մենք տեսնում ենք, որ կարծես թե այնպիսի տեխնիկական հարց, ինչպիսին հանձնաժողովի ձևավորումն է, այնքան էլ հաջող չի իրականացվում», – ընդգծեց նա։
Փորձագետը նշել է, որ եթե խոսենք ԵՄ-ի՝ որպես մոդերատորի հեռանկարների մասին, ապա չկա ոչ մի հաջող քեյս, որտեղ այդ կառույցը հետխորհրդային տարածքում հանդես է եկել որպես արդյունավետ բանակցող:
Որպես օրինակ Պրիտչինը բերել է Մերձդնեստրյան հակամարտությունը, որն այդպես էլ չի կարգավորվել՝ չնայած 5+2 ձևաչափի առկայությանը։
Նրա խոսքով՝ նորմանդական ձևաչափի շրջանակներում Մինսկի պայմանավորվածություններում Եվրամիությունը նույնպես հանդես է եկել որպես երաշխավոր, բայց արդյունքը կրկին հակառան է եղել։ ԵՄ-ն կանգնել է Ուկրաինայի կողմը և դադարել է որևէ կերպ հանդես գալ որպես մոդերատոր և հասնել խաղաղության:
«Ուստի այստեղ էլ չեմ կարծում, որ ԵՄ-ն գործիքներ ունի Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցությունների իրականացման և հաջող մոդերացիայի համար, նա չունի հակամարտության տրամաբանության ըմբռնում։ Այն փուլում, երբ սկսվել են հանդիպումները, բոլոր առանցքային հարցերը սկզբունքորեն արդեն լուծվել են։ Այսինքն՝ հակամարտությունը կանգնեցվել է ռուս խաղաղապահների կողմից, որոնք հանդես են եկել որպես անվտանգության հիմնական երաշխավորներ, և եռակողմ խմբի շրջանակներում փոխվարչապետների մակարդակով գործընթացը ամենաբարդ հարցերի շուրջ սկզբունքորեն ընթանում է»,-հայտարարել է նա։
Քաղաքագետը հաստատեց, որ ԵՄ շրջանակներում երկու երկրների առաջնորդների մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս խաղաղ պայմանագիր կնքելու մասին, սակայն առայժմ պարզ չէ, թե այդ փաստաթղթի ուրվագիծն ինչ կլինի և ինչպես կլուծվեն հարցերը:
«Ուստի ես բավականին թերահավատորեն եմ գնահատում Եվրոպական ջանքերը», – հավելել է նա:
Խոսելով առաջիկայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին՝ Պրիտչինն ասել է, որ եթե հայկական և ադրբեջանական կողմերի բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են համաձայնեցնել բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստման հարցերը, ապա այստեղ սկզբունքորեն ամեն ինչ տրամաբանական է, և հնարավոր է՝ մայիսին նման հանդիպում տեղի ունենա:
«Առաջնորդների հանդիպման համար այն պայմաններում, երբ պայմանավորվածությունների վերաբերյալ որոշակի պլան կա, պետք է համակարգված աշխատանք տարվի խաղաղության պայմանագրի նախապատրաստման, նույն նպատակի հանձնաժողովների ձևավորման ուղղությամբ: Այդ նպատակով պետք է ստեղծվեն համապատասխան հանձնախմբեր», – ասել է նա: Բայց աշխատանքը, որը ազդանշան կտար այն մասին, որ մայիսին Բրյուսելում կայանալիք հանդիպումը կարող է կայանալ և արդյունավետ կլինի, մենք չենք տեսնում», – նշել է փորձագետը։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հանդիպմանը, փորձագետը նշել է, որ չի կարծում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում մրցակցություն կա։
«Մրցակցությունն այն է, որ Վաշինգտոնն ունի ինչ-որ մշակումներ և առաջարկություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որ նրանք բանակցային ինչ-որ ձևաչափի մասնակիցներ են։ Մինսկի խումբը հիմա չկա, այլ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահների ջանքերը, որոնք փորձում են ինչ-որ կերպ իրենց տեղը գտնել բանակցային գործընթացում։ Ես ոչինչ չեմ լսում այն մասին, թե ինչպիսին է կարգավորման ծրագիրը նույն ԱՄՆ-ի համար։ Նրանց համար դա պերֆերիկ հարց է, այն առաջնային չէ։ Կարելի է ինչ-որ կերպ նշել թեմայի նկատմամբ հետաքրքրությունը, բայց որպես այդպիսին ԱՄՆ-ն ինչ – որ բանի հասնելու հնարավորություն չունի», – հայտարարել է Պրիտչինը։
Ռուս փորձագետը կարծում է, որ եթե Հայաստանը փնտրում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորություններից խուսափելու հնարավորություն, ապա դա նրա գործն է:
Նրա կարծիքով՝ այլընտրանքային ձևաչափեր չկան, գոյություն ունի եվրոպական ձևաչափ, բայց այն կրկին հանգում է մոտավորապես այն բանին, ինչ արդեն ձեռք է բերվել Մոսկվայի միջնորդությամբ։
«Բոլորը ջանքերը գործում են 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների, փոխգործակցության ուրվագծերի, համագործակցության վերականգնման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի շրջանակներում», – նշել է նա
Նրա խոսքով՝ այն պայմաններում, երբ հակամարտության դադարեցման և դրա պահպանման ապահովման առանցքային հարցերը ձեռք են բերվել, բոլոր արտաքին մոդերատորներն այժմ փորձում են գործել նույն փիլիսոփայության մեջ և ինչ-որ քաղաքական միավորներ վաստակել:
Նրա խոսքով՝ հակամարտության ողջ ընթացքում, այսպես կոչված, մոդերատորներից ոչ մեկը լուրջ քայլեր չի ձեռնարկել իրավիճակի սրումը դադարեցնելու համար և ոչնչի չի հասել: Հիմա, երբ իրավիճակը քիչ թե շատ կայուն է ու հասկանալի, մոդերատորների միանգամից մի ամբողջ բանակ է հայտնվել, իսկ դա կողմերի մոտ պատրանք է ստեղծում, որ ձևաչափի փոփոխության հաշվին հնարավորություն կա հասնել իր համար ավելի շահավետ պայմանների։
«Բայց դա այդպես չէ, միևնույն է, պետք է գնալ փոխզիջումների, կատարել պայմանավորվածությունների շրջանակներում ձեռք բերված պարտավորությունները, այլ սցենարներ չկան։ Սեղանի փոփոխությունից, որի հետևում խոսակցություններ են ընթանում, առարկան չի փոխվում», – ամփոփել է Պրիտչինը։