Անկարան կարող է կրկին փորձել ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որպեսզի 2023-ին կայանալիք ընտրություններից առաջ ամրապնդի Էրդողանի վարչակարգի դիրքերը Թուրքիայում: Այս մասին Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը և մեր տարածաշրջանի վրա Անկարայի կողմից Սիրիայում նախատեսվող նոր գործողության հնարավոր ազդեցությունը։
Գնահատելով 2023 թվականի հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ ընդդիմության և իշխանությունների հնարավորությունները՝ փորձագետը նշել է, որ մի քանի օր առաջ հրապարակվել են հասարակական կարծիքի ուսումնասիրման թուրքական կենտրոնի արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրողների շրջանում առաջին անգամ երկրորդ տեղում է հայտնվել իր ժողովրդականությամբ, առաջին տեղում է հայտնվել հիմնական ընդդիմադիր, քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ): Սաֆրաստյանը նշել է, որ 2002 թվականին Էրդողանի կուսակցության՝ իշխանության գալուց ի վեր առաջին անգամ է այդպիսի բան տեղի ունենում։
«Երկրորդ՝ արդեն այլ կենտրոնների կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումը վկայում է այն մասին, որ, այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ Էրդողանը Թուրքիայում առավել մեծ ժողովրդականություն վայելող գործիչ է, և մեծ հավանականություն կա, որ նախ լինելու է ընտրությունների 2 փուլ, և երկրորդ՝ 2-րդ փուլում Էրդողանը հաղթելու է։ Այսօրվա դրությամբ սա առավել տարածված վերլուծական գնահատական է, որը Թուրքիայում և արտասահմանում տրվում է մասնագետների կողմից»,- նշել է թուրքագետը։
Նա նշել է, որ Թուրքիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը, երկրում ֆինանսական իրավիճակի սրումը լայն դժգոհություն է առաջացնում Թուրքիայի քաղաքացիների շրջանում և ազդում է Էրդողանի և նրա կուսակցության վարկանիշի վրա: «Իհարկե, ընտրություններից մեկ տարի առաջ Էրդողանի վիճակը բավականին խախուտ է և չի կարելի վստահաբար ասել, թե նա և իր կուսակցությունը կհաղթի՞, թե՞ կհաղթեն ընդդիմադիր ուժերը, որոնք միավորվել են 6 կուսակցություններից բաղկացած կոալիցիայում։ Այնպես որ, ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրական կանխատեսումներ անելը դեռ վաղ է»,- նշել է Սաֆրաստյանը։
Մեկնաբանելով Թուրքիայում իշխանափոխության դեպքում Անկարայի քաղաքականության հնարավոր փոփոխությունները՝ նա նշել է, որ այդ դեպքում երկրում իշխանության կգա հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը ստեղծվել է Աթաթուրքի կողմից:
«Եթե այդ կուսակցությունը կամ նրա ներկայացուցիչը գան իշխանության, չեմ կարծում, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության մեջ ինչ-որ փոփոխություններ կլինեն։ Այս կուսակցությունը, որը տասնամյակներ շարունակ իշխել է Թուրքիայում, իրեն դրսևորել է որպես քաղաքական ուժ, որը չի ճանաչում երկրում ազգային փոքրամասնությունների առկայությունը։ Այն ազգային հարցում իր քաղաքականությունը հիմնավորում է այն թեզիսների վրա, որոնք դեռևս ձևակերպել է Աթաթուրքը, որոնց հիմքում ընկած է այն պնդումը, թե Թուրքիայում ապրում են միայն թուրքերը։ Այդ պատճառով ես չեմ ակնկալում, որ եթե ընդդիմությունը իշխանության գա, Թուրքիայում բնակվող հայերի նկատմամբ վարվող քաղաքականության մեջ սկզբունքորեն ինչ-որ բաներ կփոխվեն»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ փորձագետը նշել է, որ ԺՀԿ-ի՝ իշխանության գալու դեպքում հնարավոր են փոփոխություններ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, որը, Սաֆրաստյանի խոսքով, կդառնա ավելի կանխատեսելի և զգուշավոր, ինչպես նաև Արևմուտքի հետ ավելի համակարգվող: Միևնույն ժամանակ Սաֆրաստյանը չի կարծում, որ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խիստ կփոխվի:
«Փոփոխությունները կարող են լինել միայն այն առումով, որ Հարավային Կովկասում իր քաղաքականությունը Թուրքիան ավելի սերտ կհամակարգի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ ինչ-որ արմատական փոփոխություններ ես չեմ ակնկալում։ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, առավել ևս, կարծում եմ, չի փոխվի, քանի որ քեմալականները Հայաստանի նկատմամբ մի գիծ էին վարում, որը կարելի է անվանել ճնշման և խաղաղության իրենց տեսլականը պարտադրելու քաղաքականություն»,- ասել է փորձագետը։
Պատասխանելով Սիրիայում Թուրքիայի վերջին ակտիվացման պատճառների մասին հարցին՝ Սաֆրաստյանն առանձնացրել է մի քանի գործոն։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ թուրքական կողմը երեք գործողություն է իրականացրել, որոնք հանգեցրել են նրան, որ Հյուսիսային Սիրիայի մի մասը գրավվել է թուրքական զորքերի կողմից:
Փորձագետի խոսքով՝ ծրագրվող չորրորդ գործողությունը ենթադրում է ավարտել այդ գործը և հասնել նրան, որ Թուրքիայի սահմանին հարող Սիրիայի 30 կիլոմետրանոց տարածքի մեծ մասը թուրքական բանակի վերահսկողության տակ լինի: Նա նշել է, որ Անկարան ձգտում է այնտեղ ստեղծել ավելի քան 30 կիլոմետր երկարությամբ գոտի, որը յուրօրինակ խոչընդոտ կլինի, որպեսզի քրդական զինված կազմավորումները չանցնեն սահմանը և Թուրքիայում որևէ գործողություն չիրականացնեն:
Անկարան նաև հայտարարում է, որ ծրագրում է Սիրիայի օկուպացված տարածք տեղափոխել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների մի մասին (պաշտոնական տվյալներով՝ նրանք մոտ 5 մլն են, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 8 մլն): «Ես այնքան էլ չեմ հավատում, որ Թուրքիային կհաջողվի իրականացնել այդ նպատակը, քանի որ փախստականների շատ փոքր մասը կհամաձայնվի տեղափոխվել Սիրիայի տարածք, որոնք գրավված են թուրքերի կողմից»,- հայտարարել է Սաֆրաստյանը:
Երրորդ գործոնը կապված է Թուրքիայում ընտրությունների նախապատրաստության հետ։ Թուրքագետի խոսքով՝ իշխող կուսակցության վարկանիշի անկումը, Էրդողանի երերուն դիրքորոշումը ստիպում են նրան մտածել այն մասին, որ ոչ մեծ հաղթական գործողություն իրականացնի, որպեսզի վերադարձնի ընտրողների ձայները, որոնք երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով սկսել են հեռու մնալ իրենից:
Սաֆրաստյանը նշել է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից Անկարայի վրա գործադրվող ճնշումը: Նա հիշեցրել է, որ, փաստորեն, 3-4 շաբաթ առաջ հայտարարվեց, որ օպերացիայի նախապատրաստությունն ավարտված է, սակայն այն մինչ օրս չի սկսվել։ Թուրքագետի կարծիքով՝ այստեղ իր դերն է խաղացել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը դեմ են արտահայտվել այդ գործողությանը։ Նա նշել է տեղեկությունն այն մասին, որ ՌԴ-ն սկսել է տեղափոխել Սիրիայի տարածքում, մասնավորապես, Հալեպի շրջանում գտնվող ռուսական զորախմբերը, որոնք ավելի մոտ են Սիրիայի հյուսիսին, որպեսզի խոչընդոտեն թուրքական գործողության անցկացմանը կամ ճնշում գործադրեն թուրքերի վրա, որպեսզի նրանք չգրավեն երկրի տարածքի ևս մի մասը:
Փորձագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է Սիրիայի ինքնիշխան պետության տարածքի օկուպացմանը, որը նաև Ռուսաստանի դաշնակիցն է: Սաֆրաստյանի խոսքով՝ ԱՄՆ-ը, ինչպես հայտնի է, դաշնակցային հարաբերություններ ունի քրդական կազմակերպությունների հետ, որոնք վերահսկում են Սիրիայի հյուսիսային տարածքի մի մասը, և ամերիկացիները նույնպես դեմ են արտահայտվել գործողությանը:
«Կարծում եմ, որ այս փուլում Թուրքիան որոշել է չզայրացնել ԱՄՆ-ին և Ռուսաստանին՝ այդ գործողությունը հետագայի թողնելով։ Բայց վստահ եմ, որ մոտ ապագայում Էրդողանը բարենպաստ պահ կգտնի և գործողություն կիրականացնի, քանի որ այնտեղ թուրքական բանակի բավական զգալի ուժեր են կուտակվել»,- ասաց նա։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ գործողության հնարավոր իրականացումը, իհարկե, ուղղակիորեն չի անդրադառնա մեր տարածաշրջանի վրա, բայց ընդհանուր առմամբ չի կարելի բացառել, որ Թուրքիան արտաքին քաղաքական ասպարեզում հերթական արկածախնդիր քայլերը կձեռնարկի, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղի երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակից և վերականգնի Էրդողանի և նրա կուսակցության սասանված վարկանիշը:
Սաֆրաստյանի խոսքով՝ այդ իմաստով չի բացառվում, որ Թուրքիան և նրա առաջնորդությամբ նաև Ադրբեջանը կարող են փորձել հերթական անգամ ապակայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում, որպեսզի երկրի ներքին քաղաքականության մեջ հասնեն Թուրքիայի իշխանությունների նպատակներին: