Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել: Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն Armenia Today-ի հետ զրույցում կարևորեց Կապանում Իրանի գլխավոր հյուապոստի նշանակումը:
Նրա կարծիքով՝ հայկական կողմից ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծվեն այդ հյուպատոսության գործունեության համար, որովհետև այն կարևոր է ոչ միայն որպես դիվանագիտական կառույց, այլ էական նշանակություն ունի՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական նկրտումները Սյունիքի նկատմամբ:
«Իրանական դիվանագիտության ներկայությունը Սյունիքում զսպող գործիք կարող է լինել, որը թույլ չի տա ադրբեջանա-թուրքական դաշինքին է՛լ ավելի լկտիանալ: Սյունիքով է ապահովվում Իրան-Հայաստան ցամաքային կապը, և դա փաստացի միակ այլընտրանքային կապն է Իրանի հյուսիսարևմուտքից դեպի ադրբեջանա-թուրքական միասնական աշխարհաքաղաքական տարածք։ Ըստ էության՝ Ադրբեջանը Թուրքիայի շարունակությունն է Հարավային Կովկասում»,- ընդգծեց իրանագետը:
Վարդան Ոսկանյանը շեշտեց՝ Իրանի համար Հայաստանի հետ ցամաքային կապը կենսական նշանակության կարևություն ունի: Փորձագետը հիշեցրեց Իրանի հոգևոր առոջնորդի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը, որտեղ իրանական կողմի ներկայացուցիչը մատնանշեց Հայաստանի հետ սահմանի կարևորությունը և զգուշացրեց բոլոր ուժերին, որոնք նկրտումներ ունեն այդ սահմանի նկատմամբ:
Ըստ Ոսկանյանի՝ Սյունիքի մարզում հյուպատոսության հիմնումը տեղավորվում է իրանական արտաքին քաղաքականության և անվտանգության տրամաբանության մեջ, համաձայնի որի Սյունիքի մարզը պետք է անձեռնմխելի տարածք լինի թշնամական Ադրբեջանի և Թուրքիայի համար:
«Ադրբեջանից և Թուրքիայից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որոնք վերաբերվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանքը» բացելուն, ինչն էլ, բնականաբար, չի կարող անտարբեր թողնել Իրանին: Եթե այդ տխրահռչակ միջանքն Ադրբեջանն ստանա, ապա Իրանը շրջափակված կլինի թուրք- ադրբեջանական տարածքով: Հայաստանը կկտրվի Իրանի հետ ցամաքային կապից, ինչը մեր պետությունը կդարձնի կղզյակ՝ երեք կողմից շրջափակելով ադրբեջանա-թուրքական, այսպես ասած, ծովով»,- հավելեց մեր զրուցակիցը
Ոսկանյանի համոզմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանն արդեն հասկացել են, որ Իրանի հետ հակամարտության գնալը հավասարազոր է «կրակի հետ խաղալուն»:
Ամփոփելով՝ իրանագետը մատնանշեց, որ Իրանի և Հայաստանի ազգային շահերը համընկնում են, ուստի, այս երկու պետությունների համագործակցությունը շատ կարևոր է:
Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը 2021 թ. դեկտեմբերի վերջին որոշում էր ընդունել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին՝ հավանություն տալով Իրանի ԱԳՆ-ի առաջարկին, սակայն հյուպատոսությունը դեռ պաշտոնապես չի բացվել:
Հիշեցնենք նաև, որ վերջերս Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել:
Հեռախոսազրույցի ընթացքում Ռաիսին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանը պետք է ամեն գնով պահպանվի։