ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հորդորել է չվախեցնել դատարանով կամ բանտով: Նա նշեց, որ երբ լսել է, որ դատախազը պետք է ելույթ ունենա և ներկայացնի ինչ-որ փաստեր, պատկերացրել է, որ դա պետք է լինի Հայկ Հարությունյանի, Կուտոյանի, մայոր Յուզբաշյանի և նմանատիպ 2007 թվականին իրենց դեմ կատարված մահափորձի փաստերը, որոնք մինչև այսօր չեն բացահայտվել:
«Ցավում եմ, որ ոնց որ նախկիների կողմից քննադատվում էին, ոնց որ նախկինների կողմից ունեցվածքն էին խլում, մի խոսքով նույնը նորից կրկնվում է: Ցավում եմ, երբ պատգամավորը խոսք է ասում, մարդիկ աշխատում են արագ կարգով թռնեն այդ պատգամավորի երեսին, բերանը փակեն, չթողնեն իր կարծիքը հայտնի։ Ես բազմիցս ասել եմ, որ եթե պետությունը եթե սեփականություն չունի եւ եթե գործարաների մասին հոգ չի տանում, անհատներն են անում: Գագիկ Ծառուկյանը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել եւ պետական ոչ մի կառույցում չի աշխատել»,- ասաց Ղուկասյանը:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը կարողացավ սպորտային ոլորտում հարաբերություններ պահել, ամբողջ աշխարհում ճանաչվածություն ձեռք բերեցինք: «Այդ լորդերին կարողացավ բերել հասցնել մինչև Ղարաբաղ»,-ասաց նա և նշեց, որ կոնյակի գործարանը, մնացածը փակվի, ով է պատասխան տալու դրա համար:
Նա նշեց, որ այժմ ավելի լուրջ խնդիրներ կան քննարկելու, երկիրը դժվարին իրադրության մեջ է:
«Բոլորն ասում են, որ 3 ամիս հետո սով է լինելու , փոխանակ այդ հարցերի վերաբերյալ լուրջ քննարկումներ անցկացնել, կորոնավիրուսը, որ հանրապետությունում մի սարսափելի բան է գտել, պատկերացրեք՝ այս պահին, եթե մենք հիմա ներկայացնում ենք, դե վերջը, այս թիմը հսկայական ձայներ ունի, այդ ժողովուրդը դուրս է գալու, ոնց որ մի քանի օր առաջ: Այսինքն՝ ի՞նչ է ստացվելու, մարդիկ մեկը մյուսին նորից հիվանդացնելու են:
Իսկ այս պահի՞ն էր դա անհրաժեշտ, գուցե սրանից առաջ, գուցե սրանից հետո: Երբ ինձ հարցրին, թե օրենքը և խիղճն իրար հակասեն, որի՞ կողմնակիցը կլինես, ես պատասխանեցի՝ խղճի, որովհետև օրենքն էլ պիտի խղճից բխի: Պողոս առաքյալն ութ անգամ դատվեց, այնքան եք վախեցնում՝ դատարան կգնաս, բանտ կգնաս: Տո բանտում մարդիկ մերն են, մենք նրանցն ենք»,- ասաց Ղուկասյանը: