ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, «Արմնյուզ»-ի եթերում պարզաբանել է՝ ինչ նկատի ուներ, երբ Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը հիանալի դիրքերում է նաև ԼՂ հարցով վճռական որոշում կայացնեկու համար։
Բոլթոնը նշել է, որ ինքը ժողովրդավարական հասարակությունում ապրելու փաստն էր արձանագրում, երբ երկրի նոր ղեկավարն է պաշտոն ստանձնում։
«Դա ժամանակահատված է՝ տեսնելու, թե միջազգային հակամարտությունները, հատկապես նրանք, որ փակուղում են, արդյոք հնարավորությո՞ւն ունեն փակուղուց դուրս գալու։ Նախնական հանդիպումների ժամանակ հուսադրող նշաններ եղան, իմ այցից հետո մեկ տարվա ընթացքում դա այդպես չաշխատեց և հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով։ Կարծում եմ՝ դա կորուստ է երկու ժողովուրդների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար», – ասաց Բոլթոնը՝ ընդգծելով, որ հասկանում է՝ հակամարտության լուծումը բարդ է:
«Ես Կովկասը համարում եմ առանցքային ոչ միայն այնտեղ ապրողների համար, այլև՝ ԱՄՆ և ամբողջ աշխարհի համար։ Սա իրականում շատ վտանգավոր շրջակայք է ձեր մի քանի հարևանների պատճառով։ Կցանկանայի, որ այս հարցին ԱՄՆ-ն ավելի ուշադրություն դարձներ։ Կցանկանայի, որ մենք ավելի օգտակար լինեինք, բայց այնտեղ երեք փոքր երկրներ են՝ շրջապատված մեկ մեծ երկրով և երկու խնդրահարույց երկրներով հարավից։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ի՝ դրսից ներկայությունն ավելացնում է տարածաշրջանային անվտանգությունը, քանի որ մենք սահմանափակված չենք աշխարհագրական առումով», – ասաց Բոլթոնը։