ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ամբողջ պետական ապարատը հանել են իր և ԲՀԿ-ի դեմ, վստահություն հայտնեց, որ եթե մարդը մի բան հայտարարում է, ուրեմն զգում է իր վրա:
Հարցին, թե ինչպես է արտահայտվում պետական ապարատը իրենց դեմ հանելը՝ Ղուկասյանը նշեց, որ պատրաստ չէ այս պահին այդ հարցին պատասխանելու. զարգացումներ կան բոլորի նկատմամբ, այդ թվում՝ իր։
«Չգիտեմ, սպասում ենք տեսնենք՝ գործը վերաբերում է Գյումրու քաղաքապետ եղած շրջանին, թե՝ ոչ։ Այդ ասֆալտի գործը այնքան է քննարկվել ու ստուգվել, որ քննիչ չի մնացել, որ այդ ասֆալտը չափած չլինի»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է լուրերին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հավակնում է դառնալ Գյումրու քաղաքապետ, Ղուկասյանը նշեց, որ քաղաքապետի ինստիտուտն այնքան է ցածրացել, որ չի էլ ուզում դրան անդրադառնալ։
Նա նշեց, որ սպասում են հասկանան՝ կառավարությունը երբ է հստակ քայլեր անելու։
«Եթե շատ մարդիկ մտածում են, որ իրենք այնքան բան են արել ազգի համար, որ ժողովուրդը դրա համար իրենց ձայն է տվել, չարաչար սխալվում են: Նախկին իշխանությունների վատ աշխատանքի կապակցությամբ իրենց ձայն են տվել: Ժողովուրդն իրենցից շատ բան է սպասում: Արդեն անցել է 2 տարուց ավելի՝ իրենց տված խոստումները չեն կատարվում: Մենք սպասում ենք այն խոստումներին, որ ժողովրդի պայմանները պետք է լավանան, աշխատավարձերը, թոշակները, նպաստները՝ բարձրանան, բանկային խայտառակ համակարգը, որ մարդկանց գրպանն են մտնում, օրենքի անվան տակ մարդկանց թալանում են և այլն: Ցավոք, ոչ մի խոստում չի կատարվել:
Այսօր մի բառ են սովորել՝ կոռուպցիա, կոռուպցիա: Բոլորին կարելի է մեղադրել՝ վերից վար, օդի մեջ խոսելով: Ընդհանրապես, բռնել տալով, ասֆալտին փռելով երկիր չի կառուցվում. պետք է ապրեն ու ապրեցնեն: Պետք է կարողանան պահել ժողովրդին, պայման ու հնարավորություն ստեղծել, ինչը չենք տեսնում»,- ասաց նա:
Անդրադառնալով կառավարության հրաժարականի Ծառուկյանի պահանջին՝ Ղուկասյանը նշեց, որ ԲՀԿ առաջնորդն իր խոսքերի տերն է. ինչ ասել է, անում է. բոլորս տեսնում ենք:
«Ծառուկյանն ասում է՝ այսպես չի կարելի աշխատել. եթե այսպես լինի՝ այսպե՛ս կլինի: Մարդը ոչ միայն քննադատում է, այլ լուծումների տարբերակն էլ է ասում: Ասում է, որ անփորձ երիտասարդներ են, պատմություն չունեն, պատահական եկել՝ նախարար են դարձել: Ես այդ ասածների հետ համաձայն եմ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ինքը նախկինում ՀՀԿ-ի հետ էր, այսօր՝ ԲՀԿ-ի, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես 12 տարի քաղաքապետ եմ եղել, ընդհանրապես կուսակցական չեմ եղել: Ես, որ ՀՀԿ-ի համագումարներին մասնակցել եմ, նշանը չեմ խփել: Իրենց խորհրդի նիստերին էլ 2007-2012 թվականներին չեմ մասնակցել: Ես հիմա էլ ԲՀԿ-ական չեմ:
Երբ օբյեկտիվ խոսում ես, թռնում են երեսիդ, չեն էլ թողնում, որ խոսես. ասում են՝ կբռնենք, այս կանենք, այն կանենք»,- նկատեց նա: