Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին: Տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը:
Կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության արդիական հարցերը, ներառյալ Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը մինչեւ 2025 թվականը, անդրսահմանային էլեկտրոնային առեւտրի կարգավորումը, ինչպես նաեւ միության ակտերի կատարման ընթացքը։
Հատուկ ուշադրություն է դարձվելու սանիտարահամաճարակային իրավիճակին և Միության երկրներում նոր կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համալիր ծրագրի իրականացմանը:
Նեղ կազմով նիստին վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Ցավոք, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը չկարողացավ գալ Հայաստան` Խորհրդի նիստին մասնակցելու համար, և մենք ստիպված ենք հանդիպումն անցկացնել առանց նրա: Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում:
Այսօրվա նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում: Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը՝ բոլոր տեսակի ժամանակակից զենքերի կիրառմամբ: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության կառույցներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակահերթի տակ: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
Սակայն, վստահեցնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբևէ և լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ և պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը։
Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պատվիրակությունների բոլոր անդամներին այս դժվարին պահին Հայաստան ժամանելու համար: Դա առանձնահատուկ արժեքավոր է մեզ համար:
Մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք և կառուցողական քննարկումներ` ի շահ մեր ինտեգրացիայի և մեր Միության հետագա ամրապնդման։
Շնորհակալություն»:
Հաջորդիվ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է ընդլայնված կազմով հանդիպումը։