Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անթույլատրելի արտահայտություններ է թույլ տվել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հասցեին և պետք է փոխի իր վտանգավոր քաղաքական կուրսը։ Այս մասին հայտարարել են Ելիսեյան պալատից։
«Նախագահ Էրդողանի խոսքերն անընդունելի են։ Զայրույթն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք Էրդողանին կոչ ենք անում փոխել իր քաղաքական կուրսը, քանի որ այն վտանգավոր է բոլոր առումներով», – ТАСС-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցչի խոսքը մեջբերում է France-Presse գործակալությունը։
Վարչակազմի աշխատակիցը տեղեկացրել է, որ Ֆրանսիան հետ է կանչում Անկարայում իր դեսպանին Թուրքիայի նախագահի հայտարարությունների հետ կապված խորհրդակցությունների համար:
Ավելի վաղ Էրդողանը հանդես էր եկել պնդմամբ, որ Մակրոնը «հոգեկան բուժման» կարիք ունի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: