«Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանը ֆեյսբուքում
գրել է․
«Երբ մենք խոսում ենք Արցախի հարցի մասին, մի դաժան բան կա՝ ասում են տարածքներ տանք, որպեսզի Արցախի անկախ կարգավիճակը ճանաչվի։ Իրավունքի նվաճումը կամ իրավունքի ձեռք բերումը երբեք առևտրի ձևով չի լինում։ Այսինքն՝ ինչո՞ւ մենք պետք է տարածք զիջենք, որ այդ մարդկանց ինքորոշման իրավունքը ճանաչեն։ Եթե մի պահ պատկերացնենք՝ 94թ․-ին իրավիճակն այնպես էր զարգացել, որ չկային ազատագրված տարածքներ, այդ դեպքում մենք ի՞նչ պետք է զիջեինք Ադրբեջանին, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչեր։ Ուզում եմ հասկանանք՝ այն թեզը, որ միջազգային ու հայկական դիվանագիտությունը դրել է 25 տարի շարունակ, թե մենք անպայման մի բան պետք է զիջենք, որ իրավունքը ճանաչվի, ի սկզբանե կեղծ է եղել։ Ինքնորոշման իրավունքը կա՛մ ճանաչում են կա՛մ չեն ճանաչում։ Սա շատ կարևոր հարց է, որ պետք է տարանջատվի տարածքների հարցից։ Եթե մենք քաղաքական ու դիվանագիտական լեզվով սա ձևակերպենք, կստացվի՝ ինքնորոշման իրավունքի համար մենք զիջելու ոչինչ չունենք։ Ի՞նչ պետք է զիջի մարդը, որն ուզում է ազատ, անկախ ու անվտանգ ապրել։ Ինքը պետք է տա իր կամքը, վճռականությունը, կյանքը, որ արվել է մինչ 94 թվականը ու դրանից հետո։ Մարդն իր խնդիրը ձևակերպել է, չէ՞։ Հիմա ինչո՞ւ ենք մենք նոր թեզ մտցնում շրջանառության մեջ, որ չէ՝ մենք պետք է տարածք տանք, որպեսզի մեր ինքնորոշման իրավունքը ճանաչվի։ Այդ տարածքները արդեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգության գոտին են, որովհետև այլ պարագայում, մենք կռվելու էինք Կապանի, Գորիսի, Մեղրու մատույցներում»։