ԱԺ նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով:
ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հայտնեց, որ գրանցումը շարունակվելու է մինչև չորս ժամ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Լենա Նազարյանից հետաքրքրվեց, թե «Իմ քայլ»-ում կա՞ որոշում, որ խորհրդարան չգան, և ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան չկայանա․
«Եթե նման որոշում կա, ասեք՝ իմանանք։ Ես կարծում եմ, որ ռազմական դրությունից բացի, այլ հարցեր կան, որոնք պետք է քննարկել»,- հարց բարձրացրեց պատգամավորը։
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ նման որոշում կա։
Նրա պարզաբանմամբ՝ այս օրերին կառավարության բոլոր անդամները գերծանրաբեռնված են, և խմբակցությունը որոշել է այս շաբաթ՝ քառօրյայի ընթացքում կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնել:
Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ վրդովվեց, որ որոշումներ կայացնելու դեպքում պետք է տեղեկացնել նաև մյուսներին։
Ի դեպ, այսօր նախատեսված է նաև ԱԺ արտահերթ նիստ երեկ քննարկված հարցերի երկրորդ ընթերցումն անցկացնելու համար: