Իրանի փոխարտգործնախարար, նախագահի հատուկ ներկայացուցիչ Աբբաս Արաքչին գտնվում է Բաքվում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և հակամարտության կարգավորման Իրանի Իսլամական Հանրապետության ծրագիրը: Այս մասին հաղորդում է irna.ir-ը:
Նա իր այցի հիմնական նպատակն է համարել ռազմական գործողությունների դադարեցման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության վերականգնման իրանական ծրագրի ներկայացումը:
«Իրանի նախագծի հիմնական տարրերն են՝ ադրբեջանական հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների և մարդու իրավունքների պաշտպանությունը», – ասել է իրանցի դիվանագետը ՝ ավելացնելով, որ այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով:
Նա նաև իրանական ծրագրի մեկ այլ առանցք է համարել ռազմական գործողությունների դադարեցումը և ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների սկսումը՝ նշելով, որ Իրանը մտադիր է իր առաջարկած ծրագրի վերաբերյալ խորհրդակցել տարածաշրջանային երկրների հետ:
Արաքչին Իրանն ու Ադրբեջանը անվանել է երկու բարեկամ երկրներ՝ հավելելով, որ Թեհրանը սատարում է իր գրավյալ հողերն ու քաղաքներն ազատագրելու Բաքվի ջանքերին: «Ադրբեջանի և այլ երկրների տարածքային ամբողջականությունը և սահմանների անփոփոխությունը անհերքելի են»,- շեշտել է նա:
Բաքվում Իրանի հատուկ բանագնացի օրակարգում են փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումները: Բացի Բաքվից, Արաքչին կայցելի Մոսկվա, Երևան և Անկարա՝ առաջ մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ Իրանի փոխարտգործնախարարի այցի մասին հաղորդվել է հոկտեմբերի 27-ին: Հոկտեմբերի 27-ին Արաքչին այցելել է երկրի հյուսիս-արևմտյան Արդեբիլ շրջանի Փարսաբադ Մոգան օդանավակայան՝ ԼՂ հակամարտության գոտուն սահմանակից տարածքները ստուգելու համար:
Հավելենք նաև, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻԻՀՊԿ) ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել երկրի հյուսիս-արևմտյան սահմանը պաշտպանելու համար՝ կապված Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հրետակոծության հետ: