ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները կողմ քվեարկեցին «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթին։
Նախագիծը զեկուցող Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ այս փաթեթով օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը՝ որպես Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ։
Նոր օրենքով աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով, և, ըստ վարչատարածքային բաժանման, բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից։
Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից՝ աշխարհազորային շտաբի միջոցով։ Աշխարհազորային զորամիավորման ղեկավար է հանդիսանալու համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարը, իսկ Երևանում՝ համայնքի ղեկավարի տեղակալը։
Պատգամավորների կողմից հավանության արժանացան նաև Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով խստացվում է զինծառայությունից խուսափելու և դրան առնչվող արարքների պատիժը։
Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը կպատժվի 6-12 տարի ազատազրկմամբ՝ նախկին նախատեսված 4-8 տարվա փոխարեն:
Նրանց համար, ովքեր կխուսափեն զինվորական հնազանդությունից կամ պատերազմի ընթացքում հարկեր վճարելուց, առավելագույն պատիժը սահմանվել է 1-5 տարի ազատազրկում՝ 4 տարվա փոխարեն։ Պատերազմում հրամանը չկատարելու համար պատիժը 5-15 տարվա ազատազրկումից կդառնա 8-15 տարի:
ԱԺ-ն 69 կողմ ձայնով ընդունեց նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Օրենքով սահմանվում է, որ գույքը սեփականատիրոջը պետք է վերադարձվի ոչ ուշ, քան ռազմական դրության գործողության ավարտից հետո` 45-րդ օրը: